Դիտումներ 693
Ալերգիկ ռինիտը քթի լորձաթաղանթի ալերգիկ բորբոքում է, որն արտահայտվում է քթի փակվածությամբ, քորով, փռշտոցներով և այլն։ Այն ամենատարածված ալերգիկ հիվանդություններից է:

2022 թվականի տվյալներով աշխարհի մեծահասակների 10-30%-ի և երեխաների 40% -ի մոտ առկա է այս հիվանդությունը:

Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի բժիշկ Արմեն Գրիգորյանը նշում է, որ ալերգիկ րինիտի առաջացման պատճառները միջավայրում գտնվող շնչառական ալերգեններն են՝ ծառերի, խոտաբույսերի, մոլախոտերի ծաղկափոշին, տան փոշու տզի, տնային կենդանիների ալերգենները, բորբոսասնկերը, այլ գործոններ:

Այս հիվանդությունն ունեցող մարդու քթի լորձաթաղանթում տեղի են ունենում հատուկ փոփոխություններ՝ նշված ալերգեններից մեկի կամ մի քանիսի նկատմամբ և առաջանում է ալեգիկ բորբոքում, որի ախտանիշներն էլ խաթարում են րինիտով հիվանդի առօրյան։

Ալերգիկ ռինիտի ամենատարածված ախտանիշներն են՝

Քթահոսություն,

Փռշտոց,

Քթի փակվածություն,

Քոր քթում, երբեմն՝ կոկորդում քերոցի զգացում։

Հաճախ ալերգիկ ռինիտն ուղեկցվում է ալերգիկ կոնյունկտիվիտով՝ աչքի շաղկապենու բորբոքմամբ, որի դեպքում ախտանիշներին ավելանում են՝
Արցունքահոսությունը,
Աչքերի քորն ու կարմրությունը։

Առանձնացնում են ալերգիկ ռինիտի երկու տեսակ՝ սեզոնային և շուրջտարյա:
Ալերգոլոգի փոխանցմամբ` սեզոնային ալերգիկ րինիտն առանձնանում է նրանով, որ ախտանիշներն ակտիվորեն դրսևորվում են միայն տարվա որևէ սեզոնին։
Հիվանդության սեզոնայնությունը պայմանավորված է ծաղկափոշու այն տեսակով, որի նկատմամբ այն առաջանում է։

Ծառերի ծաղկափոշու նկատմամբ գերզգայուն անհատների մոտ ախտանիշները կարտահայտվեն վաղ գարնանից մինչև ամռան սկիզբ ՝ ծառերի ծաղկման շրջանում։

Խոտաբույսերի ծաղկափոշու նկատմամբ գերզգայնության դեպքում ախտանիշներն արտահայտվում են առավելապես ամռան ամիսներին, իսկ մոլախոտերի ծաղկափոշու նկատմամբ գերզգայնության դեպքում հիվանդությունը սրվում է վերջիններիս ծաղկման շրջանում, այն է՝ ամռան վերջից մինչև վաղ աշուն։

Ի տարբերություն սեզոնային ալերգիկ րինիտի՝ շուրջտարյա ալերգիկ րինիտն արտահայտվում է ամբողջ տարվա ընթացքում։

Այս դեպքում մեղավոր ալերգեններ կարող են համարվել տան փոշու տզի, տնային կենդանիների ալերգենները, բորբոսասնկերը և այլն։

Չնայած տհաճ ախտանիշներին, ալերգիկ րինիտն ունի արդյունավետ բուժում։

Հիվանդության բուժմամբ զբաղվում է ալերգոլոգը։ Բուժման նպատակով կարող են օգտագործվել հակահիստամինային դեղեր, ինչպես նաև տեղային ստերոիդային ցողացիրներ՝ անմիջապես քթի լորձաթաղանթում բորբոքումը նվազեցնելու նպատակով։

Հիվանդության կանխարգելման ապացուցված եղանակներ չկան։

Որոշակիորեն օգտակար կարող է լինել սեզոնի ընթացքում քամոտ եղանակին տանից դուրս չգալը, դիմակ կրելը, ինչպես նաև եղանակի տեսությամբ ծաղկափոշու մակարդակի հայտնումը։