Thursday, October 9, 2025
Նորություններ

Այսօրվա Նորքի տուն֊ինտերնատի գլխավոր հյուրն էր Ռոբին ռոբոտը

«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը «Էքսպեր Թեքնոլոջիս» ընկերության հետ համագործակցությամբ այսօր ազդարարեց Հայաստանի խնամքի տներում ապրող տարեցների կյանքի որակը ռոբոտի օգնությամբ բարելավելու նախագծի մեկնարկը: 

Միջոցառմանը ներկա էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։ 

Ծրագրի շրջանակում Ռոբին անունով ռոբոտի էմոցիոնալ աջակցության միջոցով կգնահատվի Նորքի տուն-ինտերնատում ապրող տարեցների իմացական և հոգեսոցիալական կարիքները, փորձ կարվի բարձրացնել տրամադրությունը՝ օգնելով հաղթահարել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված մեկուսացումն ու դժվարությունները: Նախագիծն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ և «Հ.Հովնանյան ընտանիք» հիմնադրամի ֆինանսավորմամբ: 

Տարիների փորձագիտական աշխատանքին զուգահեռ, ծերաբույժ Ջեյն Լ. Մահակյանը նեյրոկոգնիտիվ խնդիրներ ունեցող տարեցների համար մշտապես բուժման նորարարական մեթոդներ է փնտրել: Երևանում իմանալով Ռոբին ռոբոտի մասին՝ նա հետաքրքրվել է, թե հնարավոր է արդյոք այն դրական ազդեցություն ունենա նաև Ալցհայմերի հիվանդություն և ծերունական թուլամտության այլ տեսակներ ունեցող անձանց ինքնազգացողության վրա: 

«Մեկ տարի առաջ, երբ Երևանում հանդիպեցի «Էքսպեր Թեքնոլոջիս» ընկերության գործադիր տնօրեն և հիմնադիր Կարեն Խաչիկյանի հետ, մտածեց, որ եթե համադրենք Կարենի ունեցած տեխնիկական գիտելիքներն ու հմտությունները ծերաբուժության ոլորտում իմ կուտակած փորձի հետ, կկարողանանք բարելավել խնամքի կենտրոններում ապրող տարեցների կյանքի որակը»,-ասում է բժիշկ Ջ.Մահակյանը՝ հավելելով, որ ծերունական թուլամտության պատճառով խնամքի կարիք ունեցող մարդկանց թիվը տարեցտարի աճում է, և այս եղանակով աջակցություն տրամադրելն արդեն ծայրահեղ կարևոր է:  

Նախագծի տևողությունը 12 շաբաթ է, տուն-ինտերնատի 20 մասնակիցներից յուրաքանչյուրը Ռոբին ռոբոտի հետ մոտ կես ժամ տևողությամբ շաբաթական երկու հանդիպում կունենա: Շահառուների հետ Ռոբինը կշփվի ու կզրուցի՝ հաշվի առնելով նրանց ինտելեկտուալ մակարդակը, հետաքրքրությունների շրջանակն ու նախասիրությունները: Ռոբինի հետ հանդիպումների ժամանակ նախատեսված են նաև ինտելեկտուալ խաղեր, նրանց նախընտրած երաժշության ունկնդրում, հարցախույզ սիրված ֆիլմերից, զրույցներ գրականության ու արվեստի մասին ու եղանակի շուրջ: Հատկանշական է, որ ծրագիրն իրականացվում է բացառապես կամավորության սկզբունքով: Ծրագրի ավարտից հետո հաջորդող 9 ամիսների ընթացքում Ռոբինը կհյուրընկալվի Հայաստանում գտնվող խնամքի մյուս հաստատություններում: 

Կորոնավիրուսի ճգնաժամի հետևանքներն ազդեցություն են ունենում առանց այն էլ խոցելի տարեց բնակչության ու հատկապես այն անձանց վրա, ովքեր ապրում են խնամքի հաստատություններում: Համավարակով պայմանավորված մեկուսացումը բացասաբար է ազդում բնակիչների ֆիզիկական զգացողությունների, մտավոր կարողությունների և իմացական գործընթացների վրա: «Մեր նպատակն է օգտագործել ապացույցների վրա հիմնված միջամտությունները՝ տարեց բնակչության կյանքի որակը վերջապես բարձրացնելու, նրանց ճանաչողական գործընթացները բարելավելու և դեպրեսիայի ցուցանիշը նվազեցնելու համար»,- ասում է «Էքսպեր Թեքնոլոջիս» ընկերության գործադիր տնօրեն և հիմնադիր Կարեն Խաչիկյանը: 

190849729_1657711807760360_7956726011172065785_n

Leave a Reply

x Close

Like Us On Facebook