Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

Հինգ պարզ քայլ առողջ հոդեր ունենալու համար

Հոդերի հիվանդությունները շատ տարածված են և կարող են խիստ բացասաբար անդրադառնալ մարդու կյանքի որակի վրա՝ դառնալով շարժումների կաշկանդվածության ու մշտական ցավոտ զգացողությունների պատճառ։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է հոգ տանել հոդերի ու ոսկորների առողջության մասին, մինչդեռ մարդկանց անառողջ կենսակերպը շատ հաճախ էլ ավելի է վատթարացնում վիճակը։

Հոդերի հետ կապված խնդիրներից ազատվելու համար մարդիկ սովորաբար հատուկ դեղորայք են ընդունում և բավական երկարատև բուժում անցնում, սակայն մասնագետները վստահ են, որ կենսակերպում ընդամենը մի քանի պարզ փոփոխություն անելը կօգնի զգալիորեն բարելավել հոդերի վիճակն ու կանխել նման տհաճ խնդիրների զարգացումը։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ պարզ քայլ, որոնք կօգնեն խուսափել հոդերի հիվանդությունների զարգացումից։

Ֆիզիկական ակտիվություն

Հոդերի հիվանդությունների դեպքում մարդիկ սովորաբար խուսափում են մարզումներից ու ֆիզիկական ակտիվությունից՝ ենթադրելով, որ նման ակտիվությունը կարող է վնասակար լինել հոդերի համար։ Այնուամենայնիվ մասնագետները նշում են, որ պարբերաբար մարզվելը կարող է շատ օգտակար լինել հոդերի առողջության համար։ Սակայն հարկավոր է շատ ուշադիր լինել, ճիշտ մարզվել և խուսափել ինտենսիվ մարզումներից, քանի որ այդ դեպքում հոդերը միայն տուժում են։

Ազատվել ավելորդ քաշից

Ավելորդ քաշը զգալիորեն մեծացնում է հոդերի վրա գործադրվող ծանրաբեռնվածությունը, ինչն էլ կարող է դառնալ ծնկների կամ կոճերի ցավի պատճառ։ Նման խնդիրներից ազատվելու և հոդերի առողջությունը պահպանելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ազատվել ավելորդ կիլոգրամներից։

Հետևել հակաբորբոքային ազդեցությամբ օժտված սննդակարգին

Օրգանիզմում բորբոքային գործընթացների մակարդակի նվազեցումը բուժիչ ազդեցություն է ունենում արթրիտով հիվանդների առողջության վրա և օգնում է զգալիորեն ամրապնդել հոդերի առողջությունը։ Լավագույն սննդակարգերից մեկը համարվում է միջերկրածովյան սննդակարգը, որը հզոր հակաբորբոքային ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։

Ստանալ վիտամին D և կալցիում

Ոսկորների առողջության ու ամրության համար մարդուն հարկավոր է երկու սննդարար նյութ՝ վիտամին D և կալցիում։ Վիտամին D-ն, որը կարելի է ստանալ արևի ճառագայթների միջոցով, որոշակի սննդամթերքի գործածության շնորհիվ կամ վիտամինային հավելումների ընդունմամբ, նպաստում է կալցիումի կլանմանը, իսկ այդ տարրը շատ կարևոր է ոսկրային հյուսվածքների ամրության համար։ Օրգանիզմում կալցիումի դեֆիցիտը բարձրացնում է կոտրվածքների հավանականությունն ու նվազեցնում է ոսկորների հանքանյութային խտությունը։

Հրաժարվել ծխախոտից

Այս խիստ վնասակար սովորությունը զգալիորեն բարձրացնում է օստեոպորոզի և կոտրվածքների հավանականությունը։ Բացի այդ, ծխախոտի գործածությունը նաև բարձրացնում է տենդինիտի կամ ջլաբորբի զարգացման հավանականությունը, ուստի առողջ հոդեր ունենալու համար հարկավոր է հրաժարվել ծխախոտից։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook