Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից
Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են գալիս հաջորդ առաջին և երկրորդ օրերին և անհանգստացնում են երեխային ավելի նվազ ձևով, քան ընդհանուր վիճակը:
Վերջին շրջանում հանրապետությունում այդքան տարածված շնչառական վարակի հիմնական ախտանշաններին և արդյունավետ բուժման մեթոդներին է անդրադառնում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի թիվ 1 մանկաբուժական կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, բ.գ.դ., դոցենտ Կարինե Սիմոնյանը։
Մասնագետի խոսքով՝ երեխաների մոտ գրիպի ախտանշանները կախված են նրանից, թե կլինիկական ինչ ձևով է ընթանում հիվանդությունը։
Կրծքի երեխաների մոտ, բժշկի տեղեկացմամբ, առաջին պլան է մղվում ընդհանուր վիճակի վատթարացումը, այսինքն՝ անհանգստությունը, կրծքի կաթից հրաժարվելը, թուլությունը, ախորժակի անկումը։
Խորհուրդներ ծնողներին՝
- Անհրաժեշտության դեպքում պահպանել անկողնային ռեժիմ:
- Չտալ հակաբիոտիկներ և սուլֆանիլամիդներ, քանի որ դրանք վիրուսի վրա չեն ազդում։
- Չտալ երեխային ասպիրին՝ որպես ջերմիջեցնող միջոց, Ռեյի համախտանիշի առաջացման բարձր ռիսկի պատճառով։ Այդ համախտանիշին հատուկ են գլխուղեղի այտուցը, սրտխառնոցը, գիտակցության վատթարացումը։
- Հնարավորինս խուսափել մինչև 12 տարեկան երեխաներին անալգին տալուց:
- Չկաթեցնել քթի մեջ հակաբիոտիկների լուծույթներ և անոթասեղմիչ կաթիլներ։
- Եթե քթի լորձաթաղանթը չորանում է և երեխան դժվար է շնչում, օգտագործում են աէրոզոլի կամ ֆիզիոլոգիական (ցանկալի է 0,9% NaCl) լուծույթի կաթիլներ։ Թարախային ռինիտի, այսինքն՝ քթից թարախային արտադրության դեպքում խորհուրդ է տրվում դիմել մանկաբույժի:
- Անթույլատրելի է առանց բժշկի հետ խորհրդակցելու օգտագործել հակավիրուսային միջոցներ։
- Անհրաժեշտ է օրվա ընթացքում 2 անգամից ոչ պակաս օդափոխել այն տարածքը, որտեղ գտնվում է երեխան։
- Սեզոնային գրիպի ժամանակ կարևոր է հնարավորինս խուսափել վարակի աղբյուրների հետ շփումից, քիչ օգտվել տրանսպորտից, զերծ մնալ հյուր գնալուց, սակայն հաճախակի զբոսնել երեխաների հետ մաքուր օդին։ Ավելի մեծ տարիքի երեխաներին խորհուրդ է տրվում կրել դիմակ։
- Անհրաժեշտ է նաև հաճախակի լվանալ ձեռքերը, քանի որ վարակը հեշտ փոխանցվում է կեղտոտ ձեռքերի միջոցով։
Ի՞նչ օգտագործել որպես ջերմիջեցնող միջոց․
«Պարացետամոլ, որը փոքրիկների համար նշանակվում է սիրոպների կամ ռեկտալ մոմիկների տեսքով։ Ավելի մեծ տարիքի երեխաների համար կարելի է օգտագործել նաև հաբեր։ Եթե ջերմությունը չի իջնում, սիրոպի տեսքով պարացետամոլի ընդունումից հետո, կարելի է օգտագործել երկրորդ դեղաչափը նաև իբուֆենի ռեկտալ մոմիկի տեսքով համապատասխան հասակային դեղաչափով»,-ընդգծում է Կարինե Սիմոնյանը։
Ջերմիջեցման համար, անհրաժեշտ է թեթև հագցնել երեխային և, իհարկե, տալ առատ հեղուկներ՝ մուս, թարմ հյութ, ջուր և ռեգիդրոն։
«Բարձր ջերմությունն, իհարկե, առաջացնում է անհանգստություն, ազդում է երեխայի ընդհանուր վիճակի վրա, սակայն պետք չէ մոռանալ, որ ջերմությունը օրգանիզմի իմունային համակարգի պաշտպանական ռեակցիան է վիրուսի հանդեպ», – հավելում է մանկաբույժը։
Կանխարգելիչ միջոցներից լավագույնը պատվաստումն է, սակայն, մասնագետի դիտարկմամբ, այն պետք է իրականացնել ժամանակին:
«Իմունիզացիայի օպտիմալ ժամկետներն են սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսները․ անհրաժեշտ է, որպեսզի երեխայի օրգանիզմը հասցնի «զինվել» պատվաստման դեմ հակամարմիններով», – եզրափակում է բժիշկ-գիտնականը։