Tuesday, May 7, 2024
ՀիվանդություններՆորություններ

Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից

Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են գալիս հաջորդ առաջին և երկրորդ օրերին և անհանգստացնում են երեխային ավելի նվազ ձևով, քան ընդհանուր վիճակը:

Վերջին շրջանում հանրապետությունում այդքան տարածված շնչառական վարակի հիմնական ախտանշաններին և արդյունավետ բուժման մեթոդներին է անդրադառնում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի թիվ 1 մանկաբուժական կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, բ.գ.դ., դոցենտ  Կարինե Սիմոնյանը։

Մասնագետի խոսքով՝ երեխաների մոտ գրիպի ախտանշանները կախված են նրանից, թե կլինիկական ինչ ձևով է ընթանում հիվանդությունը։ 

Կրծքի երեխաների մոտ, բժշկի տեղեկացմամբ, առաջին պլան է մղվում ընդհանուր վիճակի վատթարացումը, այսինքն՝ անհանգստությունը, կրծքի կաթից հրաժարվելը, թուլությունը, ախորժակի անկումը։

Խորհուրդներ ծնողներին՝

  • Անհրաժեշտության դեպքում պահպանել անկողնային ռեժիմ:
  • Չտալ հակաբիոտիկներ և սուլֆանիլամիդներ, քանի որ դրանք վիրուսի վրա չեն ազդում։
  • Չտալ երեխային ասպիրին՝ որպես ջերմիջեցնող միջոց, Ռեյի համախտանիշի առաջացման բարձր ռիսկի պատճառով։ Այդ համախտանիշին հատուկ են գլխուղեղի այտուցը, սրտխառնոցը, գիտակցության վատթարացումը։
  • Հնարավորինս խուսափել մինչև 12 տարեկան երեխաներին անալգին տալուց:
  • Չկաթեցնել քթի մեջ հակաբիոտիկների լուծույթներ և անոթասեղմիչ կաթիլներ։
  • Եթե քթի լորձաթաղանթը չորանում է և երեխան դժվար է շնչում, օգտագործում են աէրոզոլի կամ ֆիզիոլոգիական (ցանկալի է 0,9% NaCl) լուծույթի կաթիլներ։ Թարախային ռինիտի, այսինքն՝ քթից թարախային արտադրության դեպքում խորհուրդ է տրվում դիմել  մանկաբույժի:
  • Անթույլատրելի է առանց բժշկի հետ խորհրդակցելու օգտագործել հակավիրուսային միջոցներ։
  • Անհրաժեշտ է օրվա ընթացքում 2 անգամից ոչ պակաս օդափոխել այն տարածքը, որտեղ գտնվում է երեխան։
  • Սեզոնային գրիպի ժամանակ կարևոր է հնարավորինս խուսափել վարակի աղբյուրների հետ շփումից, քիչ օգտվել տրանսպորտից, զերծ մնալ հյուր գնալուց, սակայն հաճախակի զբոսնել երեխաների հետ մաքուր օդին։ Ավելի մեծ տարիքի երեխաներին խորհուրդ է տրվում կրել դիմակ։
  • Անհրաժեշտ է նաև հաճախակի լվանալ ձեռքերը, քանի որ վարակը հեշտ փոխանցվում է կեղտոտ ձեռքերի միջոցով։ 

Ի՞նչ օգտագործել որպես ջերմիջեցնող միջոց

«Պարացետամոլ, որը փոքրիկների համար նշանակվում է սիրոպների կամ ռեկտալ մոմիկների տեսքով։ Ավելի մեծ տարիքի երեխաների համար կարելի է օգտագործել նաև հաբեր։ Եթե ջերմությունը չի իջնում, սիրոպի տեսքով պարացետամոլի ընդունումից հետո, կարելի է օգտագործել երկրորդ դեղաչափը նաև իբուֆենի ռեկտալ մոմիկի տեսքով համապատասխան հասակային դեղաչափով»,-ընդգծում է Կարինե Սիմոնյանը։

Ջերմիջեցման համար, անհրաժեշտ է թեթև հագցնել երեխային և, իհարկե, տալ առատ հեղուկներ՝ մուս, թարմ հյութ, ջուր և ռեգիդրոն։

«Բարձր ջերմությունն, իհարկե, առաջացնում է անհանգստություն, ազդում է երեխայի ընդհանուր վիճակի վրա, սակայն պետք չէ մոռանալ, որ ջերմությունը օրգանիզմի իմունային համակարգի պաշտպանական ռեակցիան է վիրուսի հանդեպ», – հավելում է մանկաբույժը։

Կանխարգելիչ միջոցներից լավագույնը պատվաստումն է, սակայն, մասնագետի դիտարկմամբ, այն պետք է իրականացնել ժամանակին:

«Իմունիզացիայի օպտիմալ ժամկետներն են սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսները․ անհրաժեշտ է, որպեսզի երեխայի օրգանիզմը հասցնի «զինվել» պատվաստման դեմ հակամարմիններով», – եզրափակում է բժիշկ-գիտնականը։

ysmu.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook