Դանիան դարձել է Եվրոպայի առաջին երկիրը, որը կարանտինի ընթացքում այսօրվանից բացել է դպրոցներն ու մանկապարտեզները
Դանիան դարձել է առաջին եվրոպական երկիրը, որն ապրիլի 15-ից սկսել է բացել դպրոցներն ու մանկապարտեզները` երկրում մարտի 12-ին կորոնավիրուսի պատճառով կարանտինային սահմանափակումներ մտցնելուց հետո: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:
Տեղեկացվում է, որ այս հաստատությունների համար անվտանգության նոր կանոններ են սահմանվել, ներառյալ հեռավորության պահպանումը: Այն հաստատությունները, որոնք պատրաստ չեն բացվելու ապրիլի 15-ից, իրենց աշխատանքը կվերսկսեն գալիք երկուշաբթի օրվանից:
Այսպիսով՝ Դանիայում կարանտինային սահմանափակումների չեղարկման առաջին քայլն է արվում: Դանիան ճիշտ ժամանակին կարանտին սահմանելով և մարտի 14-ին երկրի սահմանները փակելով՝ կարողացավ նվազեցնել ամենօրյա վարակման դեպքերի թիվը, ինչը հաստատվում է միջազգային գիտական ինստիտուտների տվյալներով: Նվազում է նաև վարակվածների թիվը երկրի հիվանդանոցներում և վերակենդանացման բաժանմունքներում:
Վերջին տվյալներով՝ Դանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6706 դեպք, 299 մարդ մահացել է, 2692-ը` բուժվել:
Նյութը `tert.am