Դաստիարակչական նորմերն աշխարհի տարբեր երկրներում. ինչ մեթոդներ են կիրառում ծնողներն այլ երկրներում
Երեխաների դաստիարակությունը շատ պատասխանատու ու լուրջ գործընթաց է, որին ոչ բոլոր ծնողներն են պատրաստ լինում: Երբեմն հենց ծնողների կիրառած դաստիարակչական մեթոդներն են մեծ մասամբ որոշում հետագայում փոքրիկի բնավորության գծերի մի մասը: Ծնողների դաստիարակությունը կարող է երեխային հանճար դարձնել կամ վերածել բարդույթավորված ու չարացած մեծահասակի: Սխալ դաստիարակությունը կարող է մեկընդմիշտ կործանել ոչ միայն տվյալ երեխայի, այլև հետագայում նրա շրջապատում հայտնված շատ ուրշների կյանքը, ուստի այս հարցին հարկավոր է ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ մոտենալ:
Սովորաբար տարբեր երկրներում մարդկանց մենտալիտետը խիստ տարբեր է լինում, ինչն էլ չի կարող չանդրադառնալ դաստիարակչական նորմերի վրա: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում, թե ինչպես են ծնողները դաստիարակում երեխաներին տարբեր երկրներում:
Այս հոդվածը կօգնի հասկանալ, թե ինչու են ճապոնացիները չեն պատկերացնում իրենց կյանքը կոլեկտիվից, ինչու են ամերիկացիներն այդքան հանդուրժող, իսկ ֆրանսիացիները՝ չափազանց ինքնուրույն:
1. Ճապոնիա
Ճապոնացիներն իրենց երեխաներին դաստիարակում են «աստված-ստրուկ-հավասար» սկզբունքով: Կյանքի առաջին հինգ տարին ճապոնացի երեխաների համար ամենաթողության ժամանակահատվածն է, երբ նրանց բոլոր արարքներն անպատիժ են մնում: Այս ամենից հետո կանոնների ու սահմանափակումների ընդհանուր համակարգին հստակ հետևելը փոքրիկի համար շատ դժվար է լինում: «Ծագող արևի երկրում» միայն 15 տարեկանից հետո են երեխային վերաբերվում հավասարի պես:
Ճապոնիայում ծնողները չեն խրատում իրենց երեխաներին և առավել ևս չեն կիրառում տերթոդիկյան մեթոդներ: Երեխաների համար ամենասարսափելի պատիժը լռությունն է, երբ ծնողները որոշ ժամանակ բացարձակապես չեն շփվում անկարգ փոքրիկի հետ: Ճապոնացիները չեն փորձում ցույց տալ իրենց ուժն ու իշխանությունը և հենց սա է պատճառը, որ նրանք ամբողջ կյանքում պարզապես պաշտում են իրենց ծնողներին ու աշխատում են նրանց համար երբեք անախորժություններ չստեղծել:
Նախորդ դարի 50-ական թվականներին Ճապոնիայում լույս տեսավ Մասարու Իբուկայի «Տաղանդավորների ուսուցումը» գիրքը և հենց այդ ժամանակ մարդիկ սկսեցին խոսել երեխաների վաղ ուսուցման անհրաժեշտության մասին: Հաշվի առնելով, որ երեխայի կյանքի առաջին երեք տարվա ընթացքում ձևավորվում է նրա «ես»-ը՝ ծնողները պարտավոր են ստեղծել բոլոր պայմանները՝ նրա ունակությունների զարգացման համար:
Բացի այդ, ճապոնացիների համար շատ մեծ նշանակություն ունի կոլեկտիվը, ուստի նրանք միշտ սովորեցնում են իրենց երեխաներին, որ միայնակ մարդը կարող է հեշտությամբ մոլորվել կյանքի զարտուղիներում:
Սակայն ճապոնացիների դաստարակման համակարգն ունի մի մեծ թերություն. «բոլորի նման» ապրելու սկզբունքն ու «խմբակային գիտակցությունը» թույլ չեն տալիս, որպեսզի մարդն ինքնադրսևորվի:
2. Ֆրանսիա
Ֆրանսիական դաստիարակության համակարգի գլխավոր առանձնահատկությունը երեխաների վաղ սոցիալականացումն ու ինքնուրույնությունն է: Ֆրանսիական մանկապարտեզներում պատրաստ են ընդունել նույնիսկ 2-3 ամսական երեխաներին, իսկ կանայք հաճախ պարզապես երազում են երեխայի խնամքով զբաղվելու և աշխատանքի չգնալու մասին:
Չնայած երեխաների հանդեպ իրենց հոգատարությանն ու սիրուն՝ ֆրանսիացի ծնողները կարողանում են «ոչ» ասել: Նրանք երեխայից կարգապահություն ու հնազանդություն են պահանջում, իսկ անկարգ երեխային «ուշքի բերելու» համար հաճախ բավական է լինում ընդամենը մեկ հայացքը: Ֆրանսիացի երեխաները միշտ օգտագործում են «կախարդական բառը», հանգիստ սպասում են ճաշին կամ խաղում են խաղահրապարակում, մինչ ծնողները զրուցում են: Փոքրիկ անկարգությունները ծնողներ սովորաբար անտեսում են, սակայն լուրջ արարքների համար պատժում են՝ զրկելով քաղցրավենիքից, նվերներից կամ խաղերից:
Առհասարակ ֆրանսիացի երեխաները շատ հնազանդ են, հանգիստ ու ինքնուրույն: Խնդիրներ կարող են առաջանալ միայն փոքրիկին մշտապես անուշադրության մատնելու դեպքում:
3. Իտալիա
Իտալիայում երեխաներին պարզապես պաշտում են ու աստվածացնում: Ընդ որում՝ ոչ միայն ծնողները, այլև բոլոր հարազատները, բարեկամները և նույնիսկ պատահական անցորդները: Այստեղ օտար երեխային շոյելն ու գուրգուրելը լիովին նորմալ է համարվում:
Այստեղ երեխաները մանկապարտեզ են հաճախում երեք տարեկանից, իսկ մինչ այդ անընդհատ գտնվում են ծնողների, տատիկների ու պապիկների և առհասարակ բոլոր հարազատների հսկողության տակ: Իտալացիները երեխաներին շատ վաղ են ընտելացնում սոցիալական կյանքին՝ միասին հաճախելով թատրոններ, համերգասրահներ, ռեստորաններ և այլ հասարակական վայրեր: Այստեղ փոքրիկին նկատողություն անելը կամ առավել ևս հարվածելն անթույլատրելի պահվածք է ծնողի համար, քանի որ իտալացիները վստահ են, որ նման վերաբերմունքի դեպքում երեխան կբարդույթավորվի:
Սակայն նման ռազմավարությունը հաճախ շատ վատ հետևանքներ է ունենում. լարժեք ամենաթողության հետևանքով երեխաները հաճախ անգամ պատկերացում չեն ունենում պարկեշտության համընդհանուր կանոնների մասին:
4. Հնդկաստան
Հնդկաստանում երեխաների դաստիարակությունը սկսվում է գրեթե նրա ծննդյան պահից: Բնավորության հիմնական գիծը, որ հնդիկ ծնողներն ուզում են տեսնել իրենց երեխայի մեջ, բարությունն է: Նրանք սեփական օրինակով սովորեցնում են երեխաներին համբերատար ու զուսպ լինել և աշխատում են թաքցնել նրանցից իրենց վատ տրամադրությունն ու հոգնածությունը:
Հնդիկ երեխաներն ամենամեծ գովասանքին են արժանանում ոչ թե ուրիշից լավը դառնալու, այլ հենց իրենք իրենց գերազանցելու դեպքում: Ընդ որում՝ հնդիկ ծնողները խիստ պահպանողական են և չեն ընդունում ժամանակակից ուսուցման ու դաստիարակությանն մեթոդները:
Այստեղ երեխաների դաստիարակությանը պետությունը գրեթե մասնակցություն չի ունենում, քանի որ այդ գործով զբաղվում են բացառապես ծնողները՝ մեծացնելով երեխային իրենց հայացքներին (այդ թվում նաև կրոնական հայացքներին) համապատասխան:
5. ԱՄՆ
Ամերիկացիները տարբերվում են իրենց ներքին ազատությամբ և բոլոր օրենքներին հետևելու ունակությամբ: Ամերիկացի ծնողները, անկախ ամեն ինչից, միշտ իրենց երեխաների կողքին են: Նրանք միշտ հետաքրքրվում են փոքրիկի խնդիրներով ու հպարտանում նրա հաջողություններով:
Այստեղ դեռ փոքր հասակից երեխային սովորեցնում են հանդուրժող լինել ու հեշտ ընտելանալ: Ամերիկյան դաստիարակության համակարգի հիմնական առավելությունն ազատությունը, հավասարությունն ու գործնականությունն է:
Ամենուր բացասական երևույթ հանդիսացող «խաբարբզանությունն» այստեղ համարվում է օրինապահություն, քանի որ օրենքը խախտելու մասին համապատասխան մարմիններին հայտնելը լրիվ նորմալ ու բնական երևույթ է համարվում:
Մարմնական պատիժներն այստեղ դատապարտելի են, իսկ եթե երեխան բողոքի ու ապացույցներ ներկայացնի, ապա մեծահասակների արարքը կգնահատվի որպես հանցանք և կունենա բավական լուրջ հետևանքներ: Ամերիկացի ծնողները որպես պատիժ հաճախ կրառում են «թայմ-աութի» մեթոդը. նրանք պարզապես խնդրում են երեխային լուռ նստել և մտածել իր սխալ պահվածքի մասին:
Նյութի աղբյուրը՝ med.tert.am