Friday, October 10, 2025
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Դեղորայքային ալերգիա. ախտանիշներից մինչև բուժում

Սուր շնչառական հիվանդությունների տարածվածության ֆոնին վերջին ամիսներին նկատվում է նաև դեղորայքային ալերգիայի դեպքերի աճ: «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-ալերգոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊԲՀ կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի ամբիոնի դոցենտ Սոնա Հարությունյանը անդրադարձել է դեղորայքային ալերգիաների մասին մի քանի կարևոր հարցերի:
❓Ինչպե՞ս է դրսևորվում դեղորայքային ալերգիան, որո՞նք են ախտանիշները:
🔴Դեղորայքային ալերգիան որոշակի դեղամիջոցների նկատմամբ գերզգայունությունն է, որը բնութագրվում է իմունային պատասխանի զարգացմամբ՝ առաջանալով դեղի կրկնակի կամ իմունաքիմիական տեսանկյունից նման այլ նյութի ներմուծումից հետո, ինչպես նաև դեղի առաջին իսկ ընդունումից, անկախ ներմուծման եղանակից։ Դեղորայքային ալերգիային բնորոշ է կլինիկական ախտանիշների բազմազանությունը, մասնավորապես՝ 1) Մաշկային ցաների տարբեր տեսակներ (եղնջացան, էրիթեմա,մակուլոպապուլյոզ ցանավորում,հեղոկով լցված բշտերի՝բուլլաների առաջացում և այլն) 2) անգիոայտուց 3) կոնտակտային դերմատիտ տեղային օգտագործման դեղամիջոցնեդի նկատմամբ 4) անաֆիլակտիկ շոկ եւ այլն:
❔Ո՞ր դեղերից է ավելի հաճախ ալերգիա առաջանում, արդյոք սեռատարիքային կազմ կա՞ այս դեպքում, ի՞նչ ռիսկի գործոններ, պատճառներ են նպաստում դեղորայքային ալերգիայի առաջացմանը:
⚪️Ամենից հաճախ գերզգայունություն զարգանում է հակաբիոտիկների, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերի, տեղային անզգայացնող միջոցների, շիճուկների նկատմամբ: Սակայն հարկ է նշել, որ ցանկացած դեղամիջոց կարող է առաջացնել այս կամ այն տեսակի ալերգիկ ռեակցիաներ։ Դեղորայքային ռեակցիայի զարգացման հավանականությունը կախված է օրգանիզմի անհատական առանձնահատկություններից, ժառանգական նախատրամադրվածությունից և, իհարկե, դեղերի հանդեպ առանձնահատկություններից:
‼️Հնարավո՞ր է հաղթահարել որևէ դեղորայքի նկատմամբ նախկինում ունեցած ալերգիան, կամ հնարավո՞ր է նախկինում տվյալ դեղից ալերգիա չլինի, իսկ հետո ի հայտ գա:
👉Դեղերի նկատմամբ զարգացող ալերգիկ ռեակցիաները հաճախ չեն ենթարկվում ոչ մի օրենքի։ Դրանք կարող են զարգանալ նույնիսկ տվյալ դեղի երկարատև, առանց որևէ խնդրի օգտագործումից հետո։ Անհապաղ ռեակցիաներն առաջանում են դեղի ընդունումից վայրկյաններից մի քանի ժամ անց, իսկ ուշացած ռեակցիաները՝ դեղն ընդունունելուց նույնիսկ մեկ ամիս անց։ Գոյություն ունի դեղորայքային ալերգիայի հաղթահարման դեսենսիտիզացիայի մեթոդ, որի կատարելագործման վրա ողջ աշխարհում գործադրվում են մեծ ջանքեր։
🟢Ինչպես հասկանալ, որ այս կամ այն դեղորայքից ալերգիա ունես:
✅Այս կամ այն դեղից ալերգիան հաստատելու կամ ժխտելու նպատակով անհրաժեշտ է անպայման դիմել մասնագետի, քանի որ շատ հաճախ դեղի ընդունումից հետո առաջացած տարաբնույթ գանգատները տվյալ անձի կողմից թյուր կերպով ընկալվում են որպես ալերգիա։ Լինում է նաև հակառակը, երբ ալերգիկ ռեակցիայի այդ անգամ առաջացած թեթև ախտանիշները չեն վերագրվում ալերգիային, սակայն, իրականում, դեղի օգտագործման հաջորդ դրվագը կարող է լինել ճակատագրական: Արդեն իսկ առաջացած ալերգիայի դեպքում պետք է դիմել ալերգոլոգի և չզբաղվել ինքնաբուժությամբ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook