Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններ

Հիպերտոնիկ կրիզ․ ինչպես է դրսևորվում

Հիպերտոնիկ կրիզը զարկերակային ճնշման կտրուկ բարձրացումն է, որը դրսևորվում է սովորականից էականորեն բարձր ցուցանիշով:

Հիպերտոնիկ կրիզի զարգացման հնարավոր պատճառներ կարող են լինել հակագերճնշումային թերապիայի կտրուկ դադարեցումը, քրոնիկ հիվանդությունների սրացումը, այլ պատճառներով դեղերի անվերահսկելի օգտագործումը, մթնոլորտային ճնշման տատանումներն ու հոգեհուզական լարվածությունը։  

Հիպերտոնիկ կրիզն ուղեկցվում է տարբեր կլինիկական ախտանիշներով, որոնք պահանջում են անհետաձգելի բուժօգնության ցուցաբերում՝ կանխելու կամ սահմանափակելու կենսական օրգանների ախտահարումը և վնասումը: Հիպերտոնիկ կրիզի ժամանակ վնասման ենթակա թիրախ օրգաններն են՝ սիրտը, գլխուղեղը, երիկամները, անոթները, տեսողական օրգանը:

Հիպերտոնիկ կրիզի ժամանակ թիրախ օրգանների ախտահարումը դրսևորվում է տարբեր կլինիկական պատկերներով՝

սուր կորոնար համախտանիշ,

գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում,

հիպերտոնիկ էնցեֆալոպաթիա,

սուր ձախ փորոքային անբավարարություն,

աորտայի անևրիզմայի շերտազատում և այլն:

Հիպերտոնիկ կրիզը կլինիկորեն դրսևորվում է կարճ ժամանակում զարկերակային ճնշման կտրուկ բարձրացմամբ,  եթե ճնշումը բարձանում է իր համար նորմալ ցուցանիշից բարձր։

Հիպերտոնիկ կրիզը բնութագրվում է ուղեղային, սրտային ախտանիշներով՝ գլխապտույտներ, սրտխառնոց, փսխումներ, «աչքերի առջև մթնեցում», երկտեսություն, հևոց, նաև սրտի շրջանում ցավ:

Հիպերտոնիկ կրիզի ժամանակ չպետք է կտրուկ իջեցնել զարկերակային ճնշումը, այլ աստիճանաբար, հակառակ դեպքում  զարկերակային ճնշման կտրուկ իջեցումը կարող է հանգեցնել գլխուղեղի սնուցման խանգարման, թերսնուցման և հնարավոր ինսուլտի զարգացման:

aysor.am

x Close

Like Us On Facebook