Monday, May 6, 2024
ՀիվանդություններՆորություններ

Երեք արտասովոր ախտանշան, որոնք հուշում են լյարդի ճարպակալման մասին

Լյարդը մարդու կարևորագույն օրգաններից մեկն է, որի գործառույթների խանգարումը կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ։ Այս օրգանի ամենավտանգավոր հիվանդություններից մեկը լյարդի ճարպակալումն է, որի դեպքում օրգանում կուտակվում է մեծ քանակությամբ ճարպ։ Ընդ որում, այն կարող է կազմել լյարդի ընդհանուր ծավալի մոտ 10%-ը։ Այս հիվանդության զարգացմանը նպաստող հիմնական գործոններն են նստակյաց կենսակերպն ու մեծ քանակությամբ վերամշակում անցած սննդամթերքի գործածությունը, ինչի հետևանքով օրգանիզմն աղտոտվում է մեծ քանակությամբ տրանսճարպերով ու այլ վնասակար տարրերով, ուստի զարմանալի չէ, որ հիվանդությունն աստիճանաբար ավելի ու ավելի տարածված է դառնում։

Այս հիվանդությունը կարող է շատ վտանգավոր լինել օրգանիզմի համար, քանի որ բարձրացնում է լյարդի հյուսվածքների սպիացման, ցիռոզի ու քաղցկեղի զարգացման հավանականությունը, ուստի լյարդի ճարպակալումը ժամանակին նկատելն ու միջոցներ ձեռնարկելը շատ կարևոր է, սակայն խնդիրն այն է, որ վտանգավոր գործընթացները կարող են բավական երկար ժամանակ զարգանալ առանց որևէ վառ ախտանշանի և հայտնաբերվել միայն այն ժամանակ, երբ խանգարումները զգալի են լինում, իսկ երբեմն էլ՝ անդառնալի։ Սա է պատճառը, որ հարկավոր է նախապես անել հնարավոր ամեն բան խնդրի զարգացումը կանխելու համար։

Ինչպես նշել է բրիտանացի բժիշկ Էրիկ Բերգը Express Health պարբերականի հետ զրույցում, այս ախտաբանությունը կարող է դրսևորվել որոշակի ախտանշաններով, որոնք ի հայտ են գալիս մարդու ոտքերին, ուստի ժամանակ առ ժամանակ ոտքերը զննելն ու տեղի ունեցած փոփոխություններին ուշադրություն դարձնելը կօգնի ժամանակին հայտնաբերել խնդիրն ու միջոցներ ձեռնարկել դրա դեմ պայքարի համար։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ ախտանշաններից երեքը, որոնք նկատելու դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել մասնագետի հետ։

Հետքեր սրունքների վրա

Մասնագետի խոսքով՝ սովորաբար լյարդի հետ կապված խնդիրները դրսևորվում են անոթային խանգարումներով, ուստի նման խնդիրների դեպքում մարդը կարող է սրունքներին ոչ մեծ կարմիր կամ շագանակագույն բծեր նկատել։ Դրանք հուշում են արյան շրջանառության վատթարացման և լյարդի գործառույթների խանգարման մասին։

Ճաքեր

Լյարդի ճարպակալման մասին հուշող մյուս ախտանշանը կարող են լինել կրունկներին առաջացած ճաքերը։ Մասնագետի խոսքով՝ դրանց առաջացման պատճառ կարող են դառնալ օրգանիզմում վիտամին B3-ի կամ օմեգա-3 ճարպաթթուների պակասը։ Այս ճարպաթթուների չափազանց ցածր մակարդակը վկայում է այն մասին, որ լյարդը դադարել է նորալ աշխատել, քանի որ այս օրգանի հիմնական գործառույթներից մեկը դրանց յուրացման համար անհրաժեշտ կենսաբանական նյութերի արտադրությունն է։

Մաշկային քոր

Մաշկային քորը լյարդի հիվանդությունների դեպքում հանդիպող ամենատարածված ախտանշաններից մեկն է, և լյարդի ճարպակալումը ևս բացառություն չէ։ Այս հիվանդության դեպքում քորը կարող է նկատվել ոտնաթաթերի հատվածում։ Նման քորը հուշում է լյարդի կողմից լեղու արտադրության խանգարումների և դրա հետևանքով արյան մեջ հիստամինների կուտակման մասին։

med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook