Friday, October 10, 2025
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Երիկամի միջմաշկային բիոպսիան երիկամային խնդիրների ճիշտ ախտորոշման ամենաարդյունավետ մեթոդներից մեկն է

Երիկամները բավականին հետաքրքիր և կարևոր կենսական օրգաններ են և երիկամի կառուցվածքաֆունկցիոնալ ամենակարևոր միավորը նեֆրոնն է:  Յուրաքանչյուր երիկամում կա մինչև մեկ ու կես միլիոն նեֆրոն, և հենց այդ նեֆրոնները կատարում են երիկամային բոլոր  ֆունկցիաները, դրանց քանակի փոփոխությունը հանգեցնում է լուրջ խնդիրների:

Երիկամները հիմնական արտազատական ֆունկցիայի հետ միասին կատարում են նաև ներզատական ֆունկցիա։ Նրանց կողմից սինթեզվում և արյան մեջ են անցնում հորմոնային բոլոր հատկություններով օժտված մի շարք ֆիզիոլոգիապես ակտիվ նյութեր` էրիթրոպոետիև, կալցիտրիոլ և ռենին:

Օրգանիզմում երիկամների ֆունկցիաների, դրանց դերի, մի շարք հիվանդությունների և երիկամի միջմաշկային բիոպսիայի մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման  շրջանակում մանրամասնում է ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկ-նեֆրոլոգ Մանյա Տիրացույան-Քարամյանը:

Մասնագետը նշեց, որ կան երիկամային սուր և խրոնիկ հիվադություններ՝ որոնք տարբեր են:

«Սուր երիկամային խնդիրները կարող են լինել դարձելի և մասնակի դարձելի, իսկ խրոնիկ երիկամային հիվանդությունները վերջնական փուլերում բերում են անդարձելի փոփոխությունների, այսինքն՝ կորցնում են այն նեֆրոնների քանակը, որքան  ի սկզբանե ունի յուրաքանչյուր մարդ: Դրանից հետո զարգանում են անդարձելի փոփոխություններ, ինչի շնորհիվ երիկամային ֆունկցիան հնարավոր չէ վերականգնել և հարց է առաջանում երիկամափոխարինող թերապիայի: Դրանք են  հեմոդիալիզը և  Peritoneal դիալիզը,  որոնց միջոցով փոխարինում ենք երիկամի գրեթե բոլոր ֆունկցիաները»,- ասաց նեֆրոլոգը:

Խոսելով երիկամային խնդիրների հայտնաբերման և ճիշտ ախտորոշման մեթոդներից, մասնագետը նշեց, որ ամենաարդյունավետ մեթոդներից է երիկամի բիոպսիան: Ըստ նրա՝ երիկամի բիոպսիան միջամտություն է, որի ժամանակ երիկամից վերցվում է մեկ կամ մի քանի նմուշ և ուղարկվում է հյուսվածքաբանական հետազոտության՝ երիկամի հիվանդության ճշգրիտ ախտորոշման նպատակով:

«Երիկամի բիոպսիայի կատարման անհրաժեշտություն առաջանում է, երբ  մարդու  մոտ լինում է շարունակական արյունամիզություն, մեզի մեջ մեծ քանակությամբ սպիտակուցների առկայություն (պրոտեինուրիա), ախտորոշվում է երիկամների հիվանդություններ, որոնց ժամանակ արյան մեջ բարձրանում է նյութափոխանակության արգասիքների մակարդակը (օր.՝ կրեատինին) և երիկամի գոյացության ժամանակ՝ բնույթը որոշելու նպատակով»,- ասաց նա:

Նեֆրոլոգը նշեց, որ երիկամի բիոպսիայի կատարման նպատակն է ախտորոշել երիկամի հիվանդությունը, որն այլ մեթոդներով հնարավոր չի լինում ախտորոշել, այն օգնում է կազմել բուժման պլանը, որոշել, թե ինչքան արագ է զարգանում երիկամի հիվանդությունը, գնահատել երիկամի բուժման արդյունավետությունը և  հսկել փոխպատվաստված երիկամի աշխատանքը, կամ գտնել երիկամի չգործելու պատճառը:

«Երիկամի բիոպսիան կատարվում է սեդատիվ կամ ընդհանուր անզգայացման ներքո: Ուլտրաձայնային սարքի հսկողության ներքո երիկամից շատ փոքր ասեղի օգնությամբ երիկամից վերցվում են կտորներ: Միջամտությունը տևում է մոտ 15  րոպե, որից հետո հիվանդը մի քանի ժամ մնում է կլինիկայում՝ բժշկի հսկողության տակ»,- ասաց մասնագետը:

Նա ընդգծեց, որը  այս միջամտությունը Հայաստանում իրականացվում է շատ քիչ կլինիկաներում, իսկ այժմ այն հասանելի է նաև ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում:

Երիկամային հիվանդությունների, բուժման մեթոդների և երիկամի բիոպսիայի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու և մասնագետի  կողմից առաջարկվող լուծումներին  ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:

Գայանե Գաբոյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook