Ինչո՞ւ են Հայաստանի ծննդատներում առաջարկում անցնել արհեստական կերակրման. պարզաբանում է նախարարը
ՀՀ առողջապահության նախարարությունը կրծքով կերակրման քարոզարշավ է մշակում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ արտահերթ նիստում «ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին» հաշվետվության քննարկման ժամանակ նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։ Պատգամավորների խոսքով՝ Հայաստանի ծննդատներում կանանց առաջարկում են անցնել արհեստական կերակրման:
Հաճախ այս առաջարկը բիզնես դրդապատճառներ ունի։ «Որոշ ժամանակ առաջ կրծքով կերակրման խթանմանն ուղղված արշավ էր իրականացվում։ Ինչ-որ պահի դրա համար միջոցները սպառվեցին։ Սակայն վերջին 3 ամիսներին մենք մեր ամերիկացի գործընկերների հետ համատեղ նոր արշավ ենք մշակում։ Այն թույլ կտա նպատակային փոխել ինչպես բուժաշխատողների, այնպես էլ մայրերի եւ նույնիսկ նրանց հարազատների վարքագիծը»,-ասաց Ավանեսյանը։ Բոլոր ուսումնասիրությունները, նախարարի հավաստմամբ, ցույց են տալիս, որ կրծքով կերակրումը երեխայի ապագա առողջության գրավականն է։ «Ոչ մի այլ սնունդ չի կարող փոխարինել մայրական կաթին»,-համոզված է առողջապահության նախարարը: Նրա խոսքով՝ գործող օրենսդրության մեջ կրծքով կերակրումը գովազդելու եւ խրախուսելու համար խոչընդոտներ չկան: Սակայն կան բացեր՝ կապված օրենքի պահանջների իրականացման հետ։
Նյութը՝ NEWS.am Medicine