Sunday, April 28, 2024
Նորություններ

ԼՅԱՐԴԻ ՓՈԽՊԱՏՎԱՍՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ «ԱՍՏՂԻԿ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

«Աստղիկ» բժշկական կենտրոնի վիրաբույժներ դոցենտ, բ.գ.թ. Ա.Ա. Ոսկանյանը և բ.գ.թ. Հ.Վ. Հարությունյանը «Հեպատոպանկրեատոբիլիար համակարգի լապարասկոպիկ վիրաբուժության ձեռքբերումները» խորագրով որակավորման բարձրացման դասընթացին մասնակցեցին ՌԴ Կազան քաղաքի AMTEC KAZAN բարձրագույն բժշկական տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնում:

Դասընթացի շրջանակներում նրանք լսեցին լյարդի լապարասկոպիկ վիրահատություններ իրականացնող, պրոֆ. Ն.Լ.Մատվեևի և լապարասկոպիկ եղանակով պանկրեատոդուոդենալ ռեզեկցիաներ իրականացնող, պրոֆ. Ռ.Ե. Իզրաիլովի դասախոսությունները, ինչպես նաև նրանց օգնությամբ իրականացրեցին փորձարարական վիրահատություններ խոզերի վրա:

Վերոնշյալ տեսական և գործնական աշխատանքների արդյունքում մեր վիրաբույժները յուրացրել են լյարդի հյուսվածքների վրա լապարասկոպիկ մանիպուլյացիաների և լյարդի մոբիլիզացիայի հնարքները, սովորել են լապարասկոպիկ եղանակով կատարել լյարդի պարենխիմայի հատում և հեմոստազ, բացի այդ, ծանոթացել են լապարասկոպիկ եղանակով ենթաստամոքսային գեղձի դիսսեկցիայի և հատման տեխնիկային:

Վիրաբույժներ Ա.Ա. Ոսկանյանի և Հ.Վ. Հարությունյանի՝ վերապատրաստումների արդյունքում ձեռք բերած արժեքավոր փորձը կնպաստի «Աստղիկ» բժշկական կենտրոնում, ինչպես նաև ՀՀ-ում լյարդի վիրաբուժության զարգացմանը: Յուրացնելով ինչպես բաց, այնպես էլ լապարասկոպիկ եղանակով լյարդի մասնահատում իրականացնելու նրբությունները՝ մեր վիրաբույժները պատրաստվում են ձեռք բերած հմտությունները ներդնել Հայաստանում լյարդի առաջին փոխպատվաստումն իրականացնելու համար:

Ի դեպ, «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրինությունը, հաշվի առնելով Հայաստանում լյարդի փոխպատվաստման ներդրման անհրաժեշտությունը, ինչպես նաև ազգաբնակչության առողջությունը գերակա շահ համարելով, արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել CUSA (Cavitation Ultrasound Surgical Aspirator) սարքավորումը գնելու համար, որն աշխարհի տեխնիկապես գերհագեցած առաջատար հիվանդանոցներում օգտագործվում է լյարդի իդեալական մասնահատումներ իրականացնելու համար:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook