Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բացվել է ժամանակակից պրոթեզարան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի նոր պրոթեզարանի բացման արարողությունը, որին ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը և այլք:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի, «Հայաստան հիմնադրամ Նիդեռլանդների», Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, «Աջակցություն վիրավոր զինվորներին» ՀԿ-ի հիմնած Հայ զինվորի պրոթեզավորման կենտրոնում մարտերի ժամանակ վիրավորում ստացած անձինք կօգտվեն որակյալ և ֆունկցիոնալ պրոթեզավորման ծառայություններից:
«Բոլորս պարտք ունենք մեր երկրի առջև, յուրաքանչյուրն իր ոլորտում պետք է անի առավելագույնը, որպեսզի մեր հայրենիքը զարգանա և ուժեղանա», – ասել է Անահիտ Ավանեսյանը` հավելելով, որ կենտրոնի բացումն ապացուցում է` հայ ազգն ունակ է վերականգնվել, ուժեղանալ և առաջ շարժվել:
Բացման արարողությունից հետո պրոթեզավորված զինվորները կյանքում երկրորդ անգամ առաջին քայլն են կատարել՝ ցույց տալով իրենց անկոտրում կամքը:
Միջոցառման ավարտին ներկաները ծանոթացել ու զրուցել են զինվորների հետ՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով հայրենիքի պաշտպանությանն արիաբար մասնակցելու համար: