Friday, May 3, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչ օգտակար հատկություններով է օժտված կոճապղպեղը․ 5 պատճառ այն սննդակարգում ներառելու համար

Կոճապղպեղն ամենատարածված համեմունքներից մեկն է, որի կիրառումը յուրահատուկ համ ու բույր է հաղորդում ուտեստներին ու ըմպելիքներին, սակայն այս մթերքը ոչ միայն համեղ է, այլև շատ օգտակար, քանի որ օգնում է պայքարել առողջական մի շարք խնդիրների դեմ։ Ընդ որում՝ կոճապղպեղի օգտակար հատկություններից շատերը վաղուց ապացուցված են հետազոտությունների միջոցով։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս մթերքի ամենաօգտակար հատկություններն ու հինգ պատճառ սննդակարգում կոճապղպեղ ներառելու համար։

Մեղմում է մրսածության ախտանշանները

Կոճապղպեղով թեյը լավագույն ընտրությունն է մրսածության դեպքում։ Այս ըմպելիքը քրտնամուղ միջոց է, որը հանգեցնում է առատ քրտնարտադրության, ուստի կարող է շատ արդյունավետ լինել տենդի, գրիպի կամ մրսածության դեմ պայքարում։ Անգամ կոճապղպեղի թարմ արմատն է օժտված հակավիրուսային ազդեցությամբ, ուստի այն կիրառելը կարող է շատ օգտակար լինել։

Մեղմում է սրտխառնոցը

Հետազոտությունները ցույց են տվել, որ կոճապղպեղի արմատը մեղմում է կինետոզի (ծովային հիվանդություն) ախտանշանները, որոնց շարքին են դասվում գլխապտույտը, սրտխառնոցը, փսխումն ու սառը քրտինքը։ Բացի այդ, այն կարող է արդյունավետ լինել նաև որոշակի վիրահատական միջամտությունների, տոքսիկոզի կամ քիմիաթերապիայի հետևանքով առաջացող սրտխառնոցի դեմ պայքարում։

Մեղմում է ցավը 

Կոճապղպեղի բուժիչ հատկությունները պայմանավորված են դրա հակաբորբոքային ազդեցությամբ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կոճապղպեղով կոմպրեսը մեղմում է օստեոարթրիտի ախտանշանները։ Բացի այդ, կոճապղպեղով սպեղանիներն օգնում են նաև խթանել արյան շրջանառությունն ու մեղմում են այրվածքների հետևանքով առաջացող ցավը։ Նման ազդեցությունը պայմանավորված է կոճապղպեղի օգտակար բաղադրությամբ․ այն հարուստ է եթերայուղերով, որոնք պարունակում են հակաբորբոքային ազդեցությամբ օժտված գինգերոլ ու այլ ակտիվ բաղադրիչներ։

Հանգստացնում է մարսողական համակարգը

Կոճապղպեղը դուրս է բերում ավելորդ գազերը մարսողական համակարգից՝ այդ կերպ հանգստացնելով աղիներն ու մեղմելով ցավը։ Բացի այդ, այն շատ արդյունավետ է նաև խիթերի (կոլիկա) ու մարսելախանգարման դեպքում, քանի որ օգնում է մեղմել դրանց հետևանքով առաջացող տհաճ զգացողությունները։

Ամրապնդում է սրտամկանի առողջությունը

Կենդանիների վրա անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ կոճապղպեղն օգնում է վերահսկողության տակ պահել խոլեստերինի մակարդակը, կարգավորում է զարկերակային գերճնշումն ու նվազեցնում է զարկերակների վնասման մակարդակը։ Իր նման ազդեցության շնորհիվ այն շատ օգտակար է սրտանոթային համակարգի համար։

Նյութի աղբյուրը՝ bbcgoodfood.com

Leave a Reply

x Close

Like Us On Facebook