Monday, May 6, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Սրտամկանի ինֆարկտի մասին հուշող որոշ ախտանշաններ կարող են աննկատ մնալ․ Ալեքսանդր Մյասնիկով

Սրտանոթային համակարգի հիվանդությունները համարվում են ամբողջ աշխարհում մարդկանց վաղաժամ մահվան հիմնական պատճառներից մեկը, ինչը պայմանավորված է նրանով, որ դրանք հաճախ ախտահարում են մարդու կարևորագույն օրգաններից մեկը՝ սրտամկանը, և հազվադեպ են ախտորոշվում ժամանակին։

Այս համակարգի առավել վտանգավոր հիվանդություններից մեկը սրտամկանի ինֆարկտն է, որը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում, քանի որ շատ հաճախ մարդիկ չեն նկատում դրա մասին հուշող ախտանշանները։

Այնուամենայնիվ, ռուս հանրահայտ բժիշկ ու հաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովի խոսքով՝ այս հիվանդությունն իրականում դրսևորվում է որոշակի ախտանշաններով, որոնք շատ դեպքերում պատշաճ ուշադրության չեն արժանանում։ Ինչպես նշել է մասնագետը՝ այս հիվանդությունը շատերի մոտ ասոցացվում է կրծքավանդակի սուր ցավի, ինչպես նաև սեղմվածության զգացման հետ, սակայն կան նաև մի շարք այլ ախտանշաններ, որոնք հաճախ անուշադրության են մատնվում։ Նման ախտանշանների շարքին են դասվում առատ քրտնարտադրությունը, թուլության զգացումը, անորոշ խոսքը և ստամոքսի այրոցը։

Ինչպես ընդգծել է մասնագետը, սրտամկանի ինֆարկտով պայմանավորված վերոնշյալ ախտանշաններն առավել հաճախ ի հայտ են գալիս այն մարդկանց մոտ, որոնք ներառված են ռիսկային խմբում։ Խոսքը, մասնավորապես, 50 տարեկանից բարձր տարիքի կանանց և 45-ից բարձր տարիքի տղամարդկանց մասին է։ Բացի այդ, սրտամկանի բարձր ռիսկային խմբում են նաև այն մարդիկ, որոնք ունեն սրտամկանի հետ կապված ժառանգական խնդիրներ։ Ավելին՝ Մյասնիկովն ընդգծել է, որ արյունակից հարազատների շրջանում սրտամկանի ինֆարկտի կամ գլխուղեղի կաթվածի վաղ դեպքերը հուշում են, որ այդ վտանգը բարձր է նաև տվյալ մարդու մոտ։

Մասնագետի խոսքով՝ սրտամկանի ինֆարկտի զարգացմանը նպաստող հիմնական գործոններն են արյան մեջ ցածր խտության լիպոպրոտեինների՝ «վատ» խոլեստերինի բարձր մակարդակը, բարձր խտության լիպոպրոտեինների՝ «լավ» խոլեստերինի ցածր մակարդակը, ինչպես նաև արյան մեջ շաքարի բարձր մակարդակը, ուստի այդ գործոնների առկայության դեպքում հարկավոր է շատ ավելի զգոն լինել։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook