Հավկուրություն, հեմերալոպիա, տեսողության խանգարում
Հավկուրություն, հեմերալոպիա, տեսողության խանգարում, որն արտահայտվում է թույլ լուսավորության պայմաններում (մթնշաղ, գիշեր) առարկաները տեսնելու ընդունակության թուլացմամբ կամ կորստով։
Կարող է առաջանալ աչքի ցանցաթաղանթի, անոթաթաղանթի և տեսողական նյարդի որոշ օրգանական հիվանդությունների, գլաուկոմայի (ախտանշանային հավկուրություն), ընդհանուր սնուցման խանգարումների, լյարդի որոշ հիվանդությունների, մալարիայի, ալկոհոլամոլության դեպքերում, որոնք ուղեկցվում են օրգանիզմում վիտամին A-ի լրիվ բացակայությամբ (ֆունկցիոնալ հավկուրություն), ինչպես նաև ցանցաթաղանթի բնածին գունակային կազմափոխման ժամանակ։ Հավկուրության հիմքում ընկած են ցանցաթաղանթի ցուպիկների կառուցվածքային փոփոխությունները կամ տեսողական ծիրանու (որը լույսի պայմաններում տարրալուծվում է, իսկ մթությունում վերականգնվում վիտամին A-ի մասնակցությամբ) անբավարարությունը։ Հավկուրությունը սովորաբար սրանում է վաղ գարնանը, որը պայմանավորված է սննդամթերքներում վիտամին A-ի անբավարարությամբ։
Տարբերում են բնածին, ախտանիշային և էսենցիալ հավկուրություն, որոնցից առաջինը ժառանգական բնույթ ունի ու դրսևորվում է մանկության կամ պատանեկության տարիներին: Հավկուրության այս տեսակի դեպքում նկատվում է տեսողության թուլացում մթնշաղին, մթությանը հարմարվելու ընդգծված դժվարություն է առաջանում: Ախտանիշային հավկուրություն դիտվում է ցանցաթաղանթի ձևախեղման որոշ տեսակների դեպքում (դիստրոֆիա), ցանցաթաղանթի բորբոքային հիվանդության, աչքի անոթային թաղանթի հիվանդության ժամանակ, տեսողական նյարդի բորբոքման, գլաուկոմայի, կարճատեսության բարդացման ու աչքի այլ հիվանդությունների դեպքում: Այդ պարագայում, հավկուրությունից բացի, նաև այլ կլինիկական արտահայտություններ են լինում, որոնք համապատասխանում են կոնկրետ հիվանդությանը: Էսենցիալ հավկուրությունը պայմանավորված է օրգանիզմ А վիտամինի անբավարար մուտքով կամ դրա փոխանակման խանգարմամբ: Պատճառը կարող է ընդհանուր սնման խանգարումը լինել, քաղցը, ալկոհոլամոլությունը, լյարդի հիվանդությունը, մալարիան: Մեծ մասամբ էսենցիալ հավկուրությունը ժամանակավոր բնույթ է ունենում:
Բնածին հավկուրությունը չի բուժվում: Ախտանիշայինի դեպքում բուժում են այն հիմնական հիվանդությունը, որը հանգեցրել է հավկուրության զարգացման: Էսենցիալի դեպքում արդեն հիվանդի սննդաբաժնում պետք է ավելացնել А վիտամինի քանակը: Միաժամանակ նշանակվում է А վիտամին: Պետք է սննդի մեջ ներառել կաթ, կարագ, լյարդ, գազար, սպանախ, կանաչ սոխ: Հավկուրության բուժման հիմնական տարբերակը սննդում վիտամինների ներառումն է ու հավկուրության պատճառ դարձած հիվանդությունների բուժումը: