ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի 42 նոր դեպք կա, 1 մահ ու 44 դուրսգրված
Հայաստանում ապրիլի 17-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1201-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 42-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 1 դեպք է գրանցվել, ընդհանուր թիվը հասել է 19-ի։
«58-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող քրոնիկ հիվանդություններ` սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ` ST էլևացիայով:
Ապրիլի 8-ին կատարվել է կորոնար զարկերակի ստենտավորում, որից հետո պացիենտի մոտ զարգացել է դիսթրես համախտանիշ, սուր շնչական անբավարարություն III աստիճանի, սեպսիս, սեպտիկ շոկ: Երկարատև թոքային արհեստական շնչառությունից հետո զարգացել է հարաճուն պոլիօրգանային անբավարարություն»,- մանրամասնել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Բացի այդ, դուրս է գրվել ևս 44 մարդ. ընդհանուր թիվը, այսպիսով, կազմել է 402։
Թեստավորվել է 10,793 մարդ։