Հոգեսոմատիկ խանգարումներ
Հոգեսոմատիկ խանգարումները հիվանդություններ և ախտանշաններ են, որոնք առաջանում են ոչ թե ֆիզիկական պատճառից, այլ հոգեկան վիճակից: Օրինակ, դուք կարող եք սրտի ցավ ունենալ տագնապի պատճառով կամ խոց՝ սթրեսի պատճառով: Հոգեսոմատիկ խանգարումները կարող են դրսևորվել բազմաթիվ ձևերով՝ սրտի, մկանների, մեջքի ցավ, թմրածության և ծակծկոցի զգացողություն մարմնի տարբեր մասերում, ուժասպառություն, թուլություն, հոգնածություն, դիսպեպսիա (սրտխառնոց, փսխում, կղանքի խանգարումներ), մաշկի ցան և այլն։ Հոգեսոմատիկ խանգարումների պատճառները կարող են լինել ներանձնային կոնֆլիկտը, բացասական ապրումները, երկրորդական շահը, ներշնչումը կամ անձնային գծերը:
Հաճախ հիվանդները չգիտեն հիմքում ընկած հոգեկան խնդրի մասին և կարծում են, որ իրենք ունեն ֆիզիկական հիվանդություններ: Նրանք դիմում են տարբեր բժիշկների, բազմաթիվ հետազոտություններ են անցնում, բայց թեթևացում չի լինում։
Ինչպե՞ս բուժել հոգեսոմատիկ խանգարումները: Կարևոր է դիմել մասնագետի՝ կլինիկական հոգեբանի կամ հոգեթերապևտի, ով կօգնի բացահայտել և վերացնել ձեր խնդրի պատճառը: Բուժումը հոգեթերապիայի միջոցով է լինում: Գլխավորը՝ չանտեսել ձեր հույզերը և սովորել հաղթահարել սթրեսն ու կոնֆլիկտները: Հիշեք՝ ձեր մարմինն արտացոլում է ձեր հոգին: