Ճշտապահ ու հոգատար. Գլխավոր ժամագործը բացահայտում է մասնագիտական առանձնահատկությունները
Հրապարակում բոլոր ժամադրությունների համար լավագույն վայրը դարձած ժամացույցն արդեն 81 տարի է, ինչ անխափան աշխատում է: Ո՞վ է կանգնած ժամացույցի անսխալականության հետևում, ո՞վ է մեզ համար միշտ ապահովում ճիշտ ժամանակն ու ավետում ամենակարևոր իրադարձությունների սկիզբը: Հանրապետության գլխավոր ժամացույցի ժամագործը լինելը, պարզվում է, այդքան էլ հեշտ գործ չէ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հանրապետության հրապարակի գլխավոր ժամացույցի ժամագործ Լյովա Ալեքսանյանն ընդգծեց, որ գլխավոր ժամացույցի 5-րդ ժամագործն է: Հանրապետության գլխավոր ժամացույցի ժամագործ լինելը բոլորովին տարբերվում է, այն ժամագործության մեկ այլ առանձին ճյուղ է:
Ով գոնե մեկ անգամ տեսել է Հանրապետության հրապարակի ժամացույցը, կհասկանա մեր զարմանքը, երբ տեսանք, որ դրսից հսկայական թվացող ժամատախտակը ներսի կողմից ղեկավարվում է շատ փոքր մեխանիզմի միջոցով, սակայն այդ փոքր մեխանիզմը նույնպես ունի իր նրբությունները:
Մասնագետի խոսքով՝ խանդոտ, նեղացկոտ ու քմահաճ լինելով ՝ ժամացույցը շատ հավատարիմ է, շատ ձեռքեր չի սիրում: Ժամագործը նշեց, որ այն իր ընկերն է դարձել, և որ այն իր համար պարզապես աշխատանք չէ. նա ամեն օր հոգ է տանում հարազատ մարդու, ընկերոջ մասին:
«Քաղաքից ընդհանրապես չեմ բացակայում ու մոռացել եմ արձակուրդ մասին: Մենք ուժեղ կապվածություն ենք զգում այս ժամացույցի հետ: Առաջին հայացքից, գուցե, շատերն ասեն՝ դե ժամացույց է էլի, թող աշխատի իր համար, բայց դրա հանդեպ պատասխանատվությունն անչափ մեծ է:
Մենք ապրում ենք ժամացույցի «ցավերով», «հետաքրքրություններով»: Այնքան աչք է օրական սևեռված նրա վրա, նա մշտապես ուշադրության կենտրոնում է, բնական է, որ պահանջկոտ է դարձել: Հրապարակի ժամացույցը, կարծես, քմահաճ կին լինի: Ի դեպ, վերջերս, երբ շենքը վերանորոգում էին, մի կին աշխատակից էր ժամանակավորապես տեղափոխվել մեր աշխատասենյակ: Ու ի՞նչ եք կարծում՝ ժամացույցը մեզանից նեղացավ»,- ասաց Լյովա Ալեքսանյանը:
Հարցին՝ եթե հնարավորություն ունենար ժամանակը հետ տալու, որ ժամանակաշրջանում կցանկանար հայտնվել, ժամագործը պատասխանեց, որ կցանկանար վերադառնալ երիտասարդություն:
Ժամագործի գլխավոր առանձնահատկություններից Լյովա Ալեքսանյանը առանձնացրեց ճշտապահությունը:
Նա ընդգծեց, որ Հանարապետության գլխավոր ժամացույցը տարբերվող է և միակը, այլ ժամացույցների հետ աշխատելու ցանկություն վարպետը չունի, քանի որ այս մեկի հետ արդեն շատ է կապվել, ցանկանում է իր հետ մեծանալ ու մեծացնել: