Thursday, October 9, 2025
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Մասնագետները հորդորում են ինքնաբուժությամբ չզբաղվել և դիմել բժշկին. շրջանառվում է գրիպ A տեսակի H1N1 ենթատեսակը

Հայաստանում առավել շատ շրջանառվում է գրիպ A տեսակի H1N1 ենթատեսակը, որը ծանր ընթացք ունի: Մասնագետները հորդորում են ինքնաբուժությամբ չզբաղվել և ախտանշանների դեպքում դիմել բժշկին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու Նարինե Սարգսյանցը նշեց, որ շրջանառվում են նաև այլ ենթատեսակներ, ինչպես նաև կորոնավիրուսը, ինչը կարող է ծանր ազդեցություն ունենալ հիվանդացության ընթացքի վրա:

«Կան համապատասխան թեստավորումներ, ըստ որոնց էլ, ճիշտ կախտորոշվի հիվանդությունն ու կնշանակվի համապատասխան բուժում: Եթե միջին ծանրության գրիպը դիտարկենք, ապա տեսնում ենք, որ այն ունի սուր սկիզբ, բնորոշվում է բարձր ջերմությամբ, մասնավորապես, 38-39 աստիճան, լինում են ուժեղ գլխացավեր, հոդացավեր, շատ արտահայտված թուլություն: Ի դեպ, թուլությունը բավական երկար է պահպանվում, նույնիսկ ապաքինվելուց հետո»,-ասաց Նարինե Սարգսյանցը:

Գրիպ A տեսակի H1N1 ենթատեսակն ավելի շատ թիրախավորում է երեխաներին: ՀՀ ԱՆ մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը նկատեց, որ հաճախակի նկատվում է նաև ականջաբորբ:

«Մի քանի տասնամյակ ունեցած պրակտիկայում ես երբեք այսպիսի բան չեմ տեսել, գրեթե յուրաքանչյուր 2-րդն ունի ականջաբորբ: Այն փոխում է կլինիկական պատկերը, որոշ դեպքերում բարդացնում ու երկարացնում է ընթացքը: Որոշ դեպքերում ստիպում է հակաբիոտիկներ նշանակել»,-ասաց Սերգեյ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ շատ դեպքերում երեխաներին ուշացած են բերում բուժհաստատություններ: Սերգեյ Սարգսյանի գլխավոր հորդորն է, վերը նշված ախտանշանների դեպքում անպայման դիմել բժշկին:

Մասնագետները խորհուրդ են տալիս անպայման պատվաստվել գրիպի դեմ: Այն պատվաստանյութը, որն այսօր Հայաստանում կա, հենց ներկա փուլում շրջանառվող գրիպի ենթատեսակները կանխարգելելու համար է: Հատկապես խորհուրդ է տրվում պատվաստվել խոցելի խմբերին՝ երեխաներին, խրոնիկ հիվանդներին, հղիներին: Պատվաստումներն անվճար են ինչպես պոլիկլինիկաներում, այնպես էլ բժշկական շարժական կետերում: Պատասխանատուները վստահեցնում են, որ Հայաստանն ունի անհրաժեշտ քանակությամբ պատվաստանյութ:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook