Monday, May 13, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Մետրոյի օդը կարող է վտանգավոր լինել առողջության համար

Լոնդոնի մետրոյի օդը պարունակում է մեծ քանակությամբ մանր մետաղական մասնիկներ, որոնք կարող են վտանգ ներկայացնել մարդու առողջության համար: Քեմբրիջի համալսարանի գիտնականների հետազոտությունը հրապարակված է Scientific Reports ամսագրում։

Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են երկաթի օքսիդի նանոմասնիկները, որոնց չափերը տատանվել են 5-500 նմ-ի միջեւ, դրանք ձեւավորվում են գնացքի արգելակների աշխատանքի ժամանակ, ինչպես նաեւ ռելսերի հետ անիվների շփման ժամանակ: Իրենց փոքր չափերի պատճառով (արյան կարմիր գնդիկից փոքր) նրանք հեշտությամբ կարող են մտնել մետրոյի ուղեւորների արյան հոսքի մեջ։

Գիտնականները Լոնդոնի մետրոյի հիմնական գծերում փոշու նմուշներ են հավաքել տոմսարկղերի օդային ֆիլտրերից եւ գնացքների վարորդների խցիկներից: Վերլուծության համար նրանք օգտագործել են նոր մեթոդ, որը թույլ է տալիս բացահայտել ամենափոքր մասնիկները։

Տվյալներն այն մասին, թե մարդու առողջության համար ինչ վտանգ են ներկայացնում այս մասնիկները, մնում են հակասական: Սակայն նախորդ ուսումնասիրությունները դրանք կապել են Ալցհեյմերի հիվանդության եւ բակտերիալ վարակների բարձր ռիսկի հետ:

2021 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ԱՄՆ մետրոյում աղտոտվածության բարձր մակարդակ կա: Գիտնականները կարծում են, որ մագնիսական թակարդները եւ ավելի արդյունավետ օդափոխությունը կարող են մարդկանց պաշտպանել երկաթի օքսիդի մասնիկների վնասակար ազդեցությունից: Իսկ առայժմ մետրոյի ուղեւորները մասնիկների անմիջական ազդեցությունը մետրոյում կարող են սահմանափակել սովորական դիմակներով:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook