Սուրբ Սարգսի տոնի հետքերով
Մոտենում է Սուրբ Սարգսի տոնը՝ սեր փնտրողների ու գտնողների, սիրո համար պայքարողների ու չհանձնվողների տոնը: Այն ժամանակին հայոց աշխարհում նշվել է մեծ շուքով՝ ուղեկցվելով ժողովրդական խաղերով ու ծիսական կերակրատեսակների պատրաստմամբ։
Աղի բլիթ ու փոխինդ
Տոնի արարողությունները մեկնարկել են մեկ օր առաջ՝ երեկոյան: Երիտասարդ աղջիկներն ու տղաները համտեսել են աղի բլիթը՝ հուսալով, որ երազում իրենց սիրելին պետք է ջուր տա: Ժամանակին տարածված էին նաև այլ ծիսական խաղեր:
«Աղջիկները շաղախված փոխինդից բրդուճ էին դնում տան կտուրին և հետևում, եթե ճնճղուկը վերցնում էր այդ բրդուճը և թռչում, թառում մերձակա տների տանիքներից մեկին, ուր նորահաս երիտասարդ էր ապրում, ապա դա նախանշան էր, որ այդ երիտասարդն էր դառնալու իր ապագա փեսացուն»,- իր ուսումնասիրության մեջ նշել է բանասեր-բանագետ Սարգիս Հարությունյանը:
Նույն օրը տանտիկիններն էլ փոխինդ էին դնում դռան ետևում կամ տանիքին ու առավոտյան անհամբերությամբ շտապում, որ վրան գտնեն զորավարի ձիու պայտի հետքը: Տարածված մի հավատալիք կար, թե այդ գիշեր Սուրբ Սարգիսն իր հույն հարսնացուի հետ սպիտակ ձի հեծած, նիզակը ձեռքին շրջում է բոլորի տները, իրեն նվիրաբերած փոխինդը նայելու։ Իսկ այդ «խնդիրը» լուծում էին չարաճճի երեխաները, գաղտագողի պայտի հետք էին թողնում ու թաքնվում:
Ըստ Սարգիս Հարությունյանի՝ սույն հավատալիքին է առնչվում նաև տան մուտքի դռան վերևում կամ բարավորի վրա ձիու պայտ ամրացնելու սովորույթը:
«Աղջիկ ժողվրտանք» և տոնական խաղեր
Տոնին՝ «աղջիկ ժողվրտանք»-ի ժամանակ, հարսնացու աղջիկները հավաքվել են, միմյանց պատմել ու մեկնաբանել տեսած երազները: Պարել են, երգել, կատակել: Փեսացուներն էլ փորձել են հանդիպել սիրելիներին:
«Տոնին երեխաները բարձրանում էին երդիկների վրա և երգելով անցքից գուլպաներ կամ քսակներ էին իջեցնում, որ նվերներ ստանան: Տանտիկինները սովորաբար դրանց մեջ դնում էին այդ տոնի ծիսական կերակուրներից և մի քանի մանր դրամ»,- իրենց ուսումնասիրության մեջ նշում են պատմական գիտությունների թեկնածու Սամվել Մկրտչյանը և պատմաբան Արմինե Սարգսյանը:
Հայոց կենցաղում տարածված էր նաև Սարգիս անունը կրողների տոնը նշել: Ընդունված էր Սուրբ Սարգսի տոնին այցելել եկեղեցի, մասնակցել Սուրբ Պատարագի, ուխտագնացությունների մեկնել սրբավայրեր:
Տոնի ծիսական ուտեստը փոխինդն է՝ բոված ցորենի ալյուրը, որից պատրաստում են խաղողահյութով կամ մեղրաջրով, շաքարաջրով պատրաստված շաղախ, մյուսը՝ փոխինդե խաշիլը, որը ճաշակում են յուղով: Նշված կերակրատեսակների հետ կապված կան հետաքրքիր ավանդազրույցներ: Դրանցից մեկի համաձայն՝ կռվի ընթացքում զորավարը ցորենի հատիկներ է կերել ու կարողացել հագեցնել երկարատև քաղցը:
Այս պատկերն ուներ Սուրբ Սարգսի տոնը հայոց կենցաղում հատկապես XIX դարի վերջերին և XX դ. սկզբներին: Տոնի կենցաղավարման ընթացքը անկում ապրեց մասնավորապես խորհրդային ժամանակաշրջանում:
Կատարյալ սերը. հոգևորականի բանաձևը
Թվարկածները՝ աղի բլիթի ճաշակումը կամ կտուրին փոխինդ դնելը և այլն, սոսկ ժողովրդական սովորություններ են, խաղեր, որոնց նպատակը առօրյան հետաքրքիր դարձնելն էր, ընտանիքով միասին տարբեր խաղերի մասնակցելը: Սուրբ Սարգսի տոնը պատմում է սիրո մարտիկի, նրա քաջագործությունների, պայքարի, ինքնազոհաբերման ու հանուն Սիրո նահատակվելու մասին:
«Սուրբ Սարգիսն Աստծո սիրուն հավատարիմ մնաց։ Մենք տեսնում ենք սեր առ Աստված, երիտասարդական սեր՝ Աստծո սիրո մեջ: Աստծո սիրուց դուրս, սեր լինել չի կարող»,- նշում է Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանը:
Հոգևորականը նշում է իրական սիրո իր բանաձևը. «Եթե սիրո մեջ չկա դիմացինի երջանկությունը փնտրելը, ուրեմն՝ դա սեր չէ: Իրական սերը դիմացինի փրկության համար ծառայելն է: Տերը խաչի ելավ՝ ցույց տալով Իր մեծ սերը, մենք էլ փորձում ենք սիրել յուրաքանչյուրին, ում համար Նա խաչի ելավ: Սերը մարդուն նմանեցնում է Աստծուն: Տերը եկավ ծառայելու մեր փրկությանը, ցույց տալու մեր փրկության ուղին: Պետք է փորձենք ծառայել մեկս մյուսի փրկության համար, մեկս մյուսի կատարելության հասնելու համար»:
Անի Ավագյան

