Thursday, May 2, 2024
Մանկան ԱնկյունՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Բարուրե՞լ, թե՞ չբարուրել. պարզաբանում է բժիշկը

Նորածիններին բարուրել են շատ վաղուց։ Դա ունեցել է մի շարք պատճառներ։ Դրանցից մեկն էլ այն է, որ ոչ վաղ անցյալում  չի եղել նորածնի հագուստ. երեխայի միակ հագուստը եղել է տակաշորը։ Այսօր հագուստի գրեթե բոլոր խանութներն առաջարկում են մանկական հագուստի լայն տեսականի: Չնայած դրան՝ շատ ծնողներ մինչև օրս էլ գերադասում են բարուրել նորածնին:

Նորածնին բարուրելու կողմնակիցները մատնացույց են անում տարբեր պատճառներ, որոնք պարզաբանում է նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը.

  1. Նորածինը սովոր է սահմանափակ տարածությանը, կարելի է ասել` սեղմ, ներարգանդային վիճակին, և նրան ավելի հարմարավետ կլինի, եթե շարունակենք այդ սահմանափակ տարածության մոդելը։ Մենք չգիտենք և միգուցե չենք էլ իմանա`  երեխային հարմա՞ր է, արդյոք,  այդ նեղ միջավայրը։ Այնուամենայնիվ, կան մի քանի դրույթներ, որոնք միանշանակ խոսում են արտարգանդային ազատ կենսակերպի օգտին և հակասում են ձիգ բարուրին և առհասարակ նեղ տարածությանը․
  • Երեխան ներարգանդային կյանքում չի շնչում և թթվածինն ստանում է պորտալարից, իսկ ձիգ բարուրը խոչնդոտում է նրա ազատ շնչառությանը, ինչը բացասաբար է անդրադառնում նորածնի թոքերի զարգացման վրա։
  • Նորածնի ձեռքերի և ոտքերի սպոնտան շարժումները նպաստում են նրա նյարդամկանային համակարգի և կոորդինացիայի զարգացմանը, ինչի վրա բացասաբար է անդրադառնում ձիգ բարուրը։
  • Ձիգ բարուրը խոչնդոտում է մաշկի արյան շրջանառությանը։ Իսկ  արյան վատ մատակարարման շրջանները` մասնավորապես վերջույթները, սկսում են սառել, ինչին նպաստում է նաև երեխայի ուղիղ դիրքը («կուչ եկած» դիրքը նպաստում է մարմնի ջերմության պահպանման): Բացի այդ, ազատ հագուստի և մաշկի միջև օդի շերտը նվազեցնում է մարմնի ջերմության կորուստը։
  • Չբարուրված երեխան ավելի հեշտ ու արագ է բռնում մոր կուրծքը, քանի որ կարողանում է ազատ շարժել պարանոցը և հարմարվել մոր կրծքին։
  • Եվ վերջապես, եթե բոլոր նորածիններն ազատ վիճակում գտնվում են ծալված վերջույթներով դիրքում, ինչի՞ համար է պետք խոչընդոտել այդ ֆիզիոլոգիական դիրքին։
  1. Բոլորս էլ տատիկներից լսել ենք հետևյալ փաստարկը․ եթե չբարուրել փոքրիկին, ապա ոտքերը ծուռ կլինեն։ Սա ոչ միայն առասպել է, այլ նաև վտանգավոր մոլորություն։ Գիտականորեն ապացուցված է, որ նորածնի ոտքերի ուղիղ ֆիքսված դիրքը կարող է բերել կոնքազդրային հոդերի խախտման՝ հոդախախտի, ինչը հետագայում բերում է քայլքի խախտման, և երեխան քայլելիս սկսում է կաղալ ախտահարված կողմի վրա։ Դժվար է ասել՝ երբ և որտեղից է սկիզբ առնում այս համոզմունքը, սակայն գործնականում իրավիճակը ճիշտ հակառակն է։ Բանն այն է, որ երեխայի ոտքերի պաթոլոգիական ծռությունը (երբ նա սկսում է կանգնել ոտքերի վրա և հետագայում քայլել) հաճախ ռախիտի արդյունք է՝ նյութափոխանակության խանգարման հետևանքով ոսկրերի ամրությունը նվազում է և մեծանում է ճկունությունը, ինչի հետևանքով ոտքերը ծռվում են մարմնի զանգվածի ազդեցության տակ։ Այս հիվանդությունը կանխարգելվում է վիտամին D-ի ադեկվատ չափաբաժիններով և հաճախակի «արևային լոգանքներով»։

Բարուրի կողմնակիցների հաջորդ պնդումը․ բարուրված նորածիններն ավելի հանգիստ են քնում, չեն շարժվում, հետևաբար՝ գիշերը չեն արթնանում և ծածկոցը չեն գցում։ Այս ամենը ճիշտ է։ Կյանքի առաջին մեկ-երկու ամսում նորածինն իսկապես կարող է արթնանալ իր իսկ շարժումներից։ Հարց է առաջանում՝ եթե չբարուրել, ապա ի՞նչ անել այդ դեպքում։

Նախևառաջ երեխային կարելի է պառկեցնել փորիկի վրա։ Եթե դուք լսել եք մանկական հանկարծամահության և փորիկի վրա պառկելու դիրքի կապի մասին, ապա իմացեք, որ վերջին տարիներին այդ կապը հերքվել է։ Մանկական հանկարծամահությանը նպաստում է ոչ թե պառկելու դիրքը, այլ անկողնում եղած բարձերը, մեծ, փափուկ խաղալիքները, ծածկոցները և այն ամենն, ինչը կարող է պատճառ դառնալ քնի ընթացքում շնչարգելության և շնչահեղձության։ Եթե երեխայի անկողնում օրթոպեդիկ ներքնակ է (առանց բարձի) և ճիշտ չափսի ծածկոց, ապա այս դիրքից վախենալ պետք չէ։ Բացի այդ, այս դիրքը շատ օգտակար է մի շարք պատճառներով․ այն բարելավում է մարսողությունը, ավելի հեշտ են դուրս գալիս գազերը (ինչին խոչընդոտում է ձիգ բարուրը և ոտքերի ուղիղ դիրքը), նպաստում է մեջքի և պարանոցի մկանների տոնուսի ճիշտ ձևավորմանը, երեխան ավելի շուտ է կարողանում ինքնուրույն պահել գլուխը, զգալի նվազում է ասպիրացիայի հավանականությունը (փսխման ժամանակ ներշնչումը)։ Ի վերջո, այս դիրքում երեխան չի կարող արթնանալ իր անկանոն շարժումներից և չի կարող գցել իր վրայից ծածկոցը։ Իսկ եթե ձեր փոքրիկն ինչ-որ պատճառով չի սիրում քնել փորիկի վրա, ապա կարելի է օգտվել մանկական քնապարկերից, որոնք, թեկուզ և չափավոր սահմանափակում են նրա շարժումները, սակայն զուրկ են բարուրի բացասական կողմերից։

Ի դեպ, պետք է նշել, որ խորհուրդ չի տրվում երեխային երկարատև թողնել կողքի պառկած դիրքում, քանի որ նորածնի ողնաշարը վաղ հասակում դեռ պատրաստ չէ կողմնային ծանրաբեռնվածությանը, ինչը հետագայում կարող է բերել ողնաշարի օրթոպեդիկ խնդիրների։

Երբեմն ծնողները բարուրում են երեխային՝ նորածնի գերգրգռականության պատճառով: Այս երևույթը կարող է որևէ նյարդաբանական խնդրի հետևանք լինել։ Այս դեպքում պետք է դիմել բժշկի՝ հնարավոր պատճառի բացահայտման և բուժման նպատակով։

Ի վերջո, նշենք ազատ հագուստի մի քանի ակնհայտ առավելություններ․

  • Երիտասարդ մայրիկներին ավելի հարմար ու հաճելի է իրենց փոքրիկներին հագցնել գեղեցիկ հագուստ, քան բարուրել նրանց և դարձնել անշարժ և անօգնական: Գաղտնիք չէ, որ մեկանգամյա օգտագործման տակդիրներն ազատել են մայրերին երեխայի թաց տակաշորն անընդհատ փոխելու հոգսից։
  • Բարուրը թույլ չի տալիս պառկեցնել երեխային փորիկի վրա և օգտագործել այդ դիրքի առավելությունները, որոնց մասին արդեն խոսեցինք։
  • Ի վերջո, բարուրը թույլ չի տալիս կատարել որոշ գործողություններ, որոնք ավելի հարմար է կատարել այն ժամանակ, երբ երեխան քնած է, օրինակ՝ կտրել նրա եղունգները։

Եթե բոլոր այս փաստարկներից հետո դուք դեռ պատրաստ չեք հրաժարվել բարուրից, ապա կարող եք ընտրել մեկ այլ տարբերակ, օրինակ՝ ազատ բարուրել երեխային: Սա միայն այն դեպքում, եթե նա չունի անհանգստության նյարդաբանական պատճառ (կամ  գտնվում է բուժման էտապում, սակայն ակնհայտ արդյունք դեռ չկա)։ Փաթաթեք երեխային՝ շորերի վրայից չափավոր ազատություն տալով ոտքերին և ձեռքերին։

Ամեն դեպքում բարուրից չհրաժարվելու խնդիրը պետք է փնտրել ընտանիքի ավանդույթների և սովորությունների հիմքում։

Այսօր ամբողջ աշխարհը հրաժարվել է ձիգ բարուրից։ Փաթաթելիս ոտքերը թողնում են ազատ ծալված վիճակում, իսկ ձեռքերին տալիս են չափավոր ազատություն։

 

impoqrik.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook