
379 просмотры
Քունը կարևոր է նյարդային համակարգի, հորմոնալ կարգավորման և օրգանիզմի ընդհանուր վերականգնման համար։ Քնի խանգարումները կարող են դրսևորվել տևողության, որակի կամ ռեժիմի փոփոխությամբ։
🩺 Անքնությունը խանգարումներից ամենատարածվածն է, որը կարող է արտահայտվել՝
▪️ քնելու դժվարությամբ,
▪️ գիշերվա ընթացքում հաճախակի արթնացումներով,
▪️ ցերեկային հոգնածությամբ և աշխատունակության նվազումով։
🧬 Քնի խնդիրների պատճառ կարող են լինել քրոնիկ սթրեսը, հոգեկան և սոմատիկ հիվանդությունները, որոշ դեղեր, ալկոհոլը, կոֆեինը, ինչպես նաև քնի ոչ կանոնավոր ռեժիմը։
Ի՞նչ անել քնի որակը բարելավելու համար
✅ պահպանել քնելու և արթնանալու հնարավորինս կայուն ժամեր՝ նաև հանգստյան օրերին,
✅ առավոտյան ստանալ բավարար բնական լույս և օրվա ընթացքում լինել ֆիզիկապես ակտիվ,
✅ քնելուց առաջ ստեղծել հանգիստ միջավայր և սահմանափակել էկրանների օգտագործումը,
✅ երեկոյան սահմանափակել կոֆեին և շաքար պարունակող մթերքները,
✅ խուսափել ալկոհոլի կամ նիկոտինի օգտագործումից` որպես քունը խթանող միջոց,
✅ անհրաժեշտության դեպքում վարել քնի օրագիր։
🔹Քրոնիկ անքնության դեպքում միայն քնի հիգիենան միշտ չէ, որ բավարար է։ Ոչ դեղորայքային արդյունավետ մոտեցումներից է անքնության կոգնիտիվ-վարքային թերապիան (CBT-I)։
🩺 Ե՞րբ դիմել բժշկի
Բժշկի դիմելը նպատակահարմար է, եթե քնի խնդիրը՝
▪️ պահպանվում է մի քանի շաբաթ կամ հաճախ կրկնվում է,
▪️ ազդում է աշխատանքի, ուսման, հիշողության կամ առօրյա գործունեության վրա,
▪️ ուղեկցվում է արտահայտված ցերեկային քնկոտությամբ,
▪️ առկա են ուժեղ խռմփոց, շնչառության դադարներ կամ գիշերային խեղդվելու զգացում,
▪️ ուղեկցվում է անհանգստությամբ, դեպրեսիվ ախտանշաններով կամ տրամադրության արտահայտված փոփոխություններով։
📌 Քնաբեր դեղերի ընդունումը կամ դեղաչափի փոփոխությունը պետք չէ կատարել ինքնուրույն՝ առանց բժշկի խորհրդի։