
831 просмотры
Իսկ դուք գիտե՞ք որ այս տոնը սահմանվել է դեռևս 1949 թվականին Փարիզում՝ Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի հատուկ նստաշրջանի ժամանակ, իսկ առաջին անգամ նշվել է 1950 թվականին։
Օրվա հիմնական նպատակը ոչ միայն երեխաների համար ուրախ տոնական օր կազմակերպելն է, այլև հանրության ուշադրությունը հրավիրելը նրանց իրավունքների պաշտպանության, առողջության, կրթության և բարեկեցության ապահովման կարևոր խնդիրների վրա:
Տոնն ունի պաշտոնական դրոշը, որը կանաչ ֆոնի վրա պատկերում է երկրագունդը և դրա շուրջը համախմբված 5 տարբեր գույների (սև, սպիտակ, դեղին, կապույտ, կարմիր) մարդկային պատկերներ:
Կանաչ ֆոնը խորհրդանշում է աճ, ներդաշնակություն և թարմություն, երկրագունդը մեր ընդհանուր տունն է, իսկ գունավոր պատկերները խորհրդանշում են բազմազանությունն ու հանդուրժողականությունը՝ անկախ ռասայից և ազգությունից:
Իսկ ինչո՞ւ հենց հունիսի 1-ը`
Թեև հստակ արձանագրված չէ, թե ինչու ընտրվեց հենց այս ամսաթիվը, կա մի քանի տարբերակ: Ամենատարածված պատմությունը կապված է 1925 թվականին Սան Ֆրանցիսկոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսի հետ, ով հունիսի 1-ին հավաքել էր չինացի որբ երեխաներին՝ Նավակների տոնը (Դուանվու) նշելու համար: Նույն օրը Ժնևում ընթանում էր Մանկան բարեկեցության միջազգային համաժողովը, և այս երկու իրադարձությունների համընկնումն էլ, ըստ վարկածի, հիմք դարձավ ամսաթվի ընտրության համար:
Հաճախ մարդիկ շփոթում են երկու տարբեր տոներ.
Հունիսի 1-ը` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, հիմնականում նշվում է հետխորհրդային երկրներում և ևս մի քանի տասնյակ պետություններում, ընդհանուր մոտ 50 երկրում:
Նոյեմբերի 20-ը` Երեխաների համաշխարհային օրն է (World Children’s Day), որը սահմանվել է ՄԱԿ-ի կողմից: Հենց 1989թ.-ի նոյեմբերի 20-ին է ՄԱԿ-ն ընդունել «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան, որին միացել է նաև Հայաստանը։