
200 просмотры
«Մենք այն ենք, ինչ ուտում ենք» արտահայտությունը սոսկ պատկերավոր խոսք չէ, և այն, որ սնունդն ազդում է մեր թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության վրա, վաղուց հաստատված փաստ է։
Տարբեր սննդատեսակներն ազդում են նաև մեր տրամադրության վրա՝ աննկատելիորեն նպաստելով տխուր կամ ուրախ հույզերի առաջացմանը։ Սակայն այսօր մեր ուշադրությունը հիմնականում կսևեռենք այն սննդատեսակների վրա, որոնք նպաստում են լավ տրամադրության առաջացմանը։ «Երջանկության համար պատասխանատու» նվազագույնը 4 հորմոն գիտենք՝
դոֆամին, սերոտոնին, օքսիտոցին, էնդորֆիններ։
Հետևյալ սննդանյութերը կարող են օգնել օրգանիզմին բավարար քանակով «երջանկության» այդ հորմոններն արտադրելու հարցում․
ֆոլաթթու երկաթ, օմեգա-3 ճարպաթթուներ, մագնեզիում, կալիում, սելեն, թիամին, վիտամին А, վիտամին В6, վիտամին В12, վիտամին С, ցինկ։
Մթերքներ, որոնք տրամադրության անկման պատճառ են դառնում
Որոշ մթերքներ կարող են նպաստել սթրեսի, դեպրեսիայի առաջացմանը։ Շաքարի ու վերամշակված մթերքների չարաշահման դեպքում օրգանիզմում բորբոքում է առաջանում, ինչն էլ կարող է տրամադրության տատանումների՝ տխուր մտքերի, տագնապի, սթրեսի պատճառ դառնալ։ Պարադոքսն էլ այն է, որ շատերը քաղցրն ընտրում են տրամադրությունը բարձրացնելու համար, բայց երկարաժամկետ հեռանկարում հակառակ արդյունքն են ստանում։ Հարցի մեկ այլ կողմն այն է, որ սթրեսի, դեպրեսիայի ժամանակ մարդը հակված է կա՛մ շատ ուտելու, կա՛մ քիչ ուտելու՝ ենթարկվելով ճարպակալման կամ թերսնման վտանգին։
Մթերքներ, որոնք բարձրացնում են տրամադրությունը
Սուրճը նպաստում է տրամադրության բարձրացմանը՝ օրգանիզմում բարձրացնելով դոֆամինի ու սերոտոնինի մակարդակը։ Սակայն երբ մարդը որոշում է այլևս սուրճ չխմել, անհրաժեշտ է նվազագույնը 12 օր հարմարվելու համար, քանի որ օրգանիզմը, հնարավոր է, ենթարկվի չեղարկման համախտանիշի ազդեցությանը, ինչն էլ տրամադրության տատանումներ կարող է առաջացնել։
Օմեգա-3 ճարպաթթուները օրգանիզմում բարձրացնում են սերոտոնինի մակարդակը՝ օգնելով պայքարել վատ տրամադրության դեմ։ Այս ճարպաթթուներով հարուստ են՝ Անձրուկը (անչոուս), ծովատառեխը (սելյոդկա), սկումբրիան, սաղմոնը, թառափը, լճի իշխանը, թունան, հունական ընկույզը, կտավատի սերմերն ու ձեթը, ձիթայուղը, կանճրակի ձեթը (рапсовое масло), չիայի սերմերը, սոյայի ձեթը, ավոկադոն և այլն։
Ֆոլաթթուն կամ վիտամին B9-ը կարևոր սննդանյութ է, որը հատկապես անհրաժեշտ է հղի կանանց։ Այն նաև դրական է ազդում տրամադրության վրա։
Ֆոլաթթվով հարուստ մթերքներ են ոսպը, լոբազգիները։ Բարդ ածխաջրերով հարուստ մթերքներն օրգանիզմն ապահովում են էներգիայով, որն անհրաժեշտ է մտքի ճկունության, արագ արձագանքման համար։
Ոչ ճարպոտ սպիտակուցները նպաստում են գլխուղեղում դոֆամինի ու նորադրենալինի մակարդակի բարձրացմանը, ինչն էլ իր հերթին բարելավում է տրամադրությունը, մոտիվացիան և ուշադրության կոենտրոնացումը։ Այդպիսի մթերքներ են՝ ձուկը, տավարի միսը, հնդկահավի միսը, լոբազգիները, յոգուրտը, ձուն և այլն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am