
59 просмотры
Առողջապահության նախարարությունը որդեգրել է ֆինանսական միջազգային համակարգին անցնելու քաղաքականություն։ «Դա հնարավորություն կընձեռի նույնականացնել հաշվետվողականության ձևերը, ինչպես նաև դրանք հասանելի և ընկալելի դարձնել միջազգային հարթակներում»,- ԱՆ ենթակայության պետական կազմակերպությունների հաշվապահների հետ հանդիպման ժամանակ ասել է աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը։ ՀՀ ԱՆ աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Անի Հարությունյանը մանրամասնել է նպատակին հասնելու քայլերը։ Այդ ճանապարհին հաշվապահների գիտելիքների ստուգման և վերապատրաստման ծրագրի շրջանակում ՀՀ ԱՆ ենթակայության պետական 30 կազմակերպության գլխավոր հաշվապահները, ցանկության դեպքում նաև այլ հաշվապահներ, կանցնեն գիտելիքների նախնական ստուգում։ Թեստավորման արդյունքում գերազանց միավոր հավաքած հաշվապահները կազատվեն վերապատրաստման պարտավորությունից: Անի Հարությունյանն ընդգծել է, որ անցողիկ միավոր հավաքած մասնակիցների ուսուցումն, ամենայն հավանականությամբ, կկազմակերպվի առանձին, փոքր խմբերով` պայմանավորված մասնակիցների գիտելիքների մակարդակով։ Դասընթացներին կուսուցանեն միջազգային որակավորում ունեցող դասախոսները։ Ծրագրի մասնակիցները կհզորացնեն իրենց գիտելիքներն ու հմտությունները հետևյալ ուղղություններով՝ ֆինանսական և կառավարչական հաշվառման հիմնական տարրեր, Աշխատանքային օրենսգիրք, 100% պետական մասնակցությամբ կազմակերպություններում հաշվապահական հաշվառման առանձնահատկություններ, շահաբաժինների հաշվարկ, Ֆինանսական հաշվառման միջազգային ստանդարտներ։ Բանախոսի խոսքով նշված թեմաների իմացությունը խիստ կարևոր է հաշվապահական հաշվառման պահանջվող մակարդակն ապահովելու համար։ Ընդ որում, դասընթացների համար վճարը պետք է կատարեն կազմակերպությունները։ Աշխատանքին զուգընթաց երկամսյա դասընթացներին կհաջորդի գիտելիքների վերջնական ստուգումը։ Վերապատրաստումը հաջողությամբ անցնողները կստանան համապատասխան հավաստագիր։ «Մեր նպատակն է բարձրացնել ձեր գիտելիքներն ու մասնագիտական որակավորումը, որպեսզի վստահ լինենք, որ միջազգային հարթակում կարող եք նույն լեզվով խոսել»,-ասել է Անի Հարությունյանը։