
89 просмотры
Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում տեղի ունեցավ մամլո ասուլիս: Ներկայացնելով նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքը` Արմեն Հայրապետյանը նշեց. «Տուբերլուլոզի կառավարման առումով մենք Հայաստանում բավական բարվոք վիճակ ենք արձանագրում և՛ նոր դեպքերի հայտնաբերման, և՛ մահացության ցուցանիշների նվազման միտումների առումով»: Հատկանշական է, որ 2006 թվականից հետո նկատելի է տուբերկուլոզով հիվանդացության, ինչպես նաև մահացության ցուցանիշների նվազում: Ինչպես հայտնի է, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տուբերկուլոզի դեմ պայքարի երաշխավորված վիճակագրություն է համարում հիվանդության 58 տոկոս հաղթահարումը: Հայաստանը մոտ է այս արդյունքին: Ներկայումս մեր երկրում գրանցվում է տուբերկուլոզի դեպքերի 79,3 տոկոս լիարժեք ապաքինում: Արմեն Հայրապետյանի ներկայացմամբ 2016 թվականին գրանցվել է 820 նոր դեպք, 2007-ի 1507-ի փոխարեն: 2016-ին տուբերկուլոզից մահացել է 48 մարդ: Համեմատական կարգով նշենք, որ 2007 թվականին գրանցվել է այս հիվանդությունից մահացության 175 դեպք: Մասնագետների ներկայացմամբ` շարունակում է մտահոգիչ լինել այն հանգամանքը, որ երբեմն տուբերկուլոզը համակցված է ՄԻԱՎ վարակով, ինչը բազմապատկում է բուժման դժվարությունները: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի վարակիչ հիվանդությունների ծրագրերի համակարգող Գայանե Ղուկասյանը հիշեցրեց, որ այս տարի ևս ԱՀԿ-ն առաջորդվում է «Միասին վերացնենք տուբերկուլոզը» կարգախոսով՝ միաժամանակ հատուկ ուշադրություն սևեռելով այս հիվանդությամբ տառապողների նկատմամբ խարանի և խտրականության վերացմանը: Գայանե Ղուկասյանի ներկայացմամբ` անցած տարի եվրոպական տարածաշրջանում տուբերկուլոզի 323000 նոր դեպք է գրանցվել, որոնցից 32,000-ը՝ մահվան ելքով: Միևնույն ժամանակ հիվանդության կառավարման և հաղթահարման առումով դրական միտումները ևս նկատելի են: «Պետք է նկատել, որ դեռևս շարունակում է հիմնախնդիր մնալ ՄԻԱՎ/ ՏԲ համակցված վարակը: Այս մահացու համակցությունը շուրջ 7 անգամ բարդացնում է հիվանդության ընթացքն ու 3 անգամ մեծացնում մահվան վտանգը: Միևնույն ժամանակ շարունակում է մտահոգիչ մնալ դեղակայուն տուբերկուլոզի գործոնը», - ընդգծեց ԱՀԿ ներկայացուցիչը: Բժիշկներ առանց սահմանների կազմակերպության հայաստանյան առաքելության ղեկավար Մարի Ժան Պարեն ևս կարևորեց աս հիվանդության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքների ուղղվածությունը: Նա մատնանշեց այն բոլոր դժվարությունները, որոնց հանդիպում է տուբերկոլոզով հիվանդը, միաժամանակ մատնանշեց դրա դեմ պայքարի ձեռքբերումները: Նա առանձնացրեց հիվանդության հասանելիության հնարավորությունը: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի հետազոտությունն ու բուժումն անվճար են, հիվանդների բուժումը խրախուսելու նկատառումներով սոցիալական քաղաքականության շրջանակներում հիվանդներին գումար է տրամադրվում, փոխհատուցվում է բուժման ճանապարհածախսը: