
67 просмотры
Տարբեր մրգերի եւ բանջարեղենի օգտագործումը սովորական խորհուրդ է, սակայն շատ ամերիկացիներ քիչ են ուտում այդ սննդարար մթերքներից, ասվում է Journal of Renal Nutrition-ում հրապարակված նոր հետազոտության մեջ: Սա հատկապես վերաբերում է երիկամների քրոնիկ հիվանդությամբ (ԵՔՀ) չափահաս պացիենտներին, որոնք ուտում են ավելի քիչ մրգեր եւ բանջարեղեն, քան այդ հիվանդությունը չունեցող նույնպիսի մարդիկ, հայտնել են Վիրջինիայի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները: Ըստ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալների՝ մոտ 37 միլիոն չափահասներ ԱՄՆ-ում ունեն երիկամների քրոնիկ հիվանդություն: Դա տեղի է ունենում, երբ երիկամները չեն կարողանում արդյունավետ կերպով զտել մարդու արյան թափոնները: Այս վիճակը կարող է հանգեցնել արյան բարձր ճնշման, սրտի հիվանդությունների եւ ինսուլտի: Հետազոտության համար գիտնականները վերլուծել են 1988-2018 թվականներին առողջության եւ սննդի վերաբերյալ ազգային հարցումների տվյալները: Հետազոտողները պարզել են, որ 1988-1994 թվականներին երիկամների քրոնիկ հիվանդությամբ հարցվածների 52 տոկոսը շատ քիչ է մրգեր եւ բանջարեղեն օգտագործել՝ համեմատած այդ հիվանդությունը չունեցող մարդկանց 48 տոկոսի հետ: 2003-2010 թվականներին երիկամների քրոնիկ հիվանդությամբ հարցվածների 46 տոկոսն է շատ քիչ մրգեր եւ բանջարեղեն օգտագործել՝ համեմատած մնացած 41 տոկոսի հետ։ Իսկ 2011-2018 թվականներին երիկամների քրոնիկ հիվանդությամբ հարցվածների 48 տոկոսն է շատ քիչ մրգեր եւ բանջարեղեն օգտագործել՝ մնացածների 46 տոկոսի համեմատ: NEWS.am Medicine