
37 просмотры
Ծնողներին հաճախ են հուզում երեխայի սնվելու հետ կապված հարցերը՝ երեխայի ուտելու ձևը կամ ընդունված սննդի քանակը: Երեխայի ախորժակը կարող է շատ փոփոխական լինել: Կյանքի երկրորդ տարում սովորաբար ախորժակը նվազում է: Չի կարելի այս տարիքի երեխայի շատ խիստ և անիրականալի պահանջներ ներկայացնել: Ծնողների անհրաժեշտ է ավելի համբերատար լինել և հաշվի առնել երեխայի աճող ինքնուրույնության ձգտումը՝ համակերպվելով այն հանգամանքի հետ, որ երեխան որոշ ժամանակ ուտելիս կթափթփի, կփորձի ուտել մատներով կամ խառնաշփոթ կստեղծի իր շուրջը: Երեխային ժամանակ է անհրաժեշտ՝ ինքնուրույն ուտելու վարքագիծը և հմտությունները ամրապնդելու համար: Դա պահանջում է հետևողական ուղղորդում և համբերություն: Ճաշի ժամը երեխայի համար պետք է լինի հաղորդակցման և ուսուցման հաճելի փորձառություններով լի: Ծնողը պետք է նստի երեխայի մոտ, խոսի նրա հետ, օգնի նրան ուտել և օրինակ ծառայի նրա համար՝ ցույց տալով պատշաճ վարքագիծ: Աթոռը, սեղանը և սպասքը պետք է համապատասխանեն երեխայի տարիքին և զարգացման մակարդակին: Բազմատեսակ կերակուրները կարող են ընդարձակել երեխայի փորձառությունը կերակուրների նկատմամբ և բավարարել նրա նախասիրությունները: Երեխայի կերակրելուն բավականաչափ ժամանակ է պետք տրամադրել: Երբ երեխան փորձում է ինքնուրույն ուտել, կերակուրը պետք է մատուցվի փոքր բաժիններով: Երեխային անհրաժեշտ է քաջալերել, որ նա ուտելիքից գոնե մի պատառ փորձի: Երեխաները պետք է օգտագործեն մանկական սպասք, սակայն պետք է նաև կարողանան ուսումնասիրել ուտելիքը՝ շոշափելով և հոտոտելով: Կերակուրների ընտրանին, որոշ ուտելիքներ ձեռքով, իսկ մյուսները՝ անձնական պարագաներով ուտելու հնարավորությունը, ինչպես նաև մյուսների հետ հաղորդակցվելու բավականաչափ ժամանակը երեխային խրախուսում են դառնալ ինքնուրույն և զգալու, որ ինքը որոշ չափով վերահսկում է իր կյանքի կարևոր ոլորտը: Երբ երեխան չափազանց շատ է ուտում Ծնողին կարող է անհանգստացնել այն, որ երեխան անընդհատ քաղցած է թվում, անհագ ախորժակ ունի, շարունակ ուտում է կամ շատ գեր է: Այդ դեպքում կարելի է փորձել վարվել հետևյալ կերպ. • սահմանափակել երեխայի ընդունած կալորիաների քանակը՝ նվազ կալորիականությամբ սնունդ առաջարկելով (մրգեր, բանջարեղեն և այլն) • ավելի ուշադրություն նվիրել երեխային (երբեմն ծնողները զբաղվում են երեխայով միայն ուտելու ժամանակ , ինչն էլ երեխայի համար ցանկալի է դարձնում այդպիսի ժամերի հաճախակի լինելը) • հստակ սահմանել ուտելու ժամերը և դրանցից դուրս թույլ չտալ երեխային որևէ բան ուտել • աննկատ նվազեցնել յուրաքանչյուր անգամ տրվող սննդի քանակը (փոքր ափսեում դրված ուտելիքը ավելի շատ է թվում) • օրագրում նշել, թե երեխան ինչ է ուտում, և խորհրդակցել մանկաբույժի կամ դիետոլոգի հետ: Երբ երեխան չափազանց քիչ է ուտում Ծնողին կարող է անհանգստացնել այն, որ երեխան ուտել չի ուզում, չափազանց նիհար է և վիտամինների կարիք ունի: Այդպիսի երեխան սովորաբար շատ քիչ է ուտում, կարող է շատ հեղուկ խմել, չի սիրում սեղանի մոտ նստած ուտել, ավելի քիչ կալորիաներ է ընդունում, քան անհրաժեշտ է իր աճի համար: Երեխայի քաշը կամ հասակը ետ է մնում հասակակիցներից: Այդպիսի դեպքերում կարելի է փորձել վարվել հետևյալ կերպ. • ավելացնել երեխայի ընդունած կալորիաների քանակը՝ բարձր կալորիականությամբ սնունդ առաջարկելով նրան, • սահմանափակել հեղուկի քանակը, հատկապես ուտելուն նախորդող մեկ ժամվա ընթացքում, • հիմնական կերակուրների միջև փոքրիկ նախաճաշեր առաջարկել և երեխային ներգրավել կերակուրի պատրաստման և սպասքավորման գործում, • ծնողը պետք է ցույց տա իր գոհունակությունը, երբ երեխան շատ է ուտում, բայց ոչ մի դեպքում չնախատի նրան, • սկզբում քիչ քանակությամբ սնունդ դնել ափսեում, այնպես, որ երեխան ամբողջն ուտի, իսկ հետո աստիճանաբար աննկատ ավելացնել սննդի քանակը, • ուտելու ժամանակը երեխայի համար հաճելի դարձնել՝ նրա հետ մտերմիկ զրուցելով: