
157 просмотры
Երևանյան թատրոնները, որոնք մշտապես ուշադրության կենտրոնում են պահում փոքրիկ հանդիսատեսին, տարվա ընթացքում ներկայացումներ բեմադրելով նրանց համար, ամանորյա հրաշք են խոստանում Նոր տարվան: Թատրոնները ներկայացումների բազմազանություն են առաջարկում և վստահեցնում՝ փոքրիկները կճամփորդեն սիրված հեքիաթների հերոսների աշխարհ, կհանդիպեն Ձմեռ պապին և Ձյունանուշին: «Արմենպրես» - ը ներկայացնում է երևանյան մի քանի թատրոնի առաջարկած ամանորյա ներկայացումները: Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում փոքրիկները դեկտեմբերի 17-ից կարող են դիտել «Սանտայի հյուրերը» ամանորյա երաժշտական ուրախ ներկայացումը: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը փոքրիկ թատերասերներին հորդորում է դեկտեմբերի 24-ից բացել հեքիաթի դուռը, մանուկների հետ մտնել թատրոն ու հավատալ հրաշքներին՝ դիտելով «Մոխրոտը» կախարդական ներկայացումը: Պատանի հանդիսատեսի թատրոնում շուտով հնարավոր կլինի դիտել Գրիմ եղբայրների «Բրեմենյան երաժիշտներ» հեքիաթի հիման վրա բեմադրված ներկայացումը, որը պատմում խենթ ու խելառ, ռոմանտիկ թափառաշրջիկ երաժիշտների մասին: Կ. Ստանիսլավկսու անվան ռուսական դրամատիկական թատրոնում երեխաները հնարավորություն կունենան դիտելու «Արքայադուստր գորտը» ռուսական ժողովրդական հեքիաթի հիման վրա բեմադրված ներկայացումը: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը, որը ներկայացման բեմադրիչն է, կարծում է՝ յուրաքանչյուր հեքիաթ հրաշք է և ուրախություն: Ներկայացման առաջնախաղը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին: Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա «Ընկույզկոտրուկի գաղտնիքը» ներկայացումը: Սուրբծննդյան երեկոյան Ֆրիցը և Մարին՝ բժշկական խորհրդատու Շտալբաումի երեխաները, ծնողներից բազմաթիվ նվերներ են ստանում․ տիկնիկներ, փայտե ձի, խաղալիք հուսարներ, ամաններ, նկարներով գրքեր։ Կնքահայր Դրոսելմեյերը նրանց նվիրում է փոքրիկ ամրոց՝ ոսկեգույն աշտարակներով, որի սրահներով քայլում են տիկնայք և պարոնայք։ Ավելի ուշ երեխաները ծանոթանում են ևս մեկ խաղալիքի՝ փոքրիկ ու տգեղ մարդուկի հետ, որի անունը Մարդուկ-Ջարդուկ էր: Նա կարողանում էր ընկույզ ջարդել: Փոքրիկները ներկայացումը կարող են դիտել դեկտեմբերի 24-25-26-27-ին: «Թատրոն կայարան»- ում դեկտեմբերի 19-ից ներկայացվելու է «Գրինչ» տոնական բեմադրությունը: Գրինչը եղել է տարբերվող էլֆ իր անսովոր արտաքինով: Մանկության տարիներին մշտապես ծաղրի է ենթարկվել, այդ իսկ պատճառով որոշում է գողանալ Ամանորը, որպեսզի վրեժ լուծի բոլորից: Թատրոնը հայտարարում է, որ բոլոր երեխաները կարող են մուտք գործել թատրոն Ձմեռ պապիկին ուղղված նամակներով: «Թատրոն կայարան»-ը տոնական նվեր է պատրաստել նաև մեծահասակների համար: Դեկտեմբերի 22-23-ին բեմ կբարձրանա «Մանդարինի լիկյոր» բեմադրությունը: Ներկայացման հերոսները` Արթուրն ու Սոկրատը, ուսանողական ընկերներ են, որոնք վաղուց չեն հանդիպել և, Նոր տարվա նախաշեմին հանդիպելով, քննարկելու և պարզաբանելու շատ բան ունեն։ Ներկայացումը հոգեբանական կատակերգություն է։ Առանցքում զգացմունքներից ամենաբարձրն է` սերը։ Էմոցիոնալ և միևնույն ժամանակ կատակերգական իրավիճակներում բացվում է ամբողջ սյուժեն, որտեղ վառ արտացոլվում են ընկերության, հավատարմության, հայրենասիրության և ինքնաճանաչողության շերտերը: Ներկայացումը ինքնին ամանորյա խառնաշփոթ է` խառը հույզերով և գալիքի նկատմամբ հավատով։ Դեկտեմբերի 27-28-29-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում փոքրիկները կարող են դիտել «Ձմեռ պապի գաղտնիքը» մանկական ինտերակտիվ ներկայացումը: «Բոհեմ» թատրոնը դեկտեմբերի 17-ից սիրով հրավիրում է դիտելու ամանորյա մանկական «Քռչո-Տռճո VS Ամանոր» սիրված ներկայացումը: Մոտենում էր Ամանորը, և անտառի բնակիչները որոշել էին հավաքվել բացատում, զարդարել տոնածառը և միասին տոնել Նոր տարին: Այս մասին իմանալով՝ անտառի կախարդները՝ Քռչոն և Տռճոն, որոշում են խանգարել ամանորյա հանդեսին: Տարբեր միջոցներ կիրառելուց հետո հենց իրենք են ընկնում թակարդը: Տոնական հանդեսը կայանում է մեծ ու գեղեցիկ տոնածառի շուրջ, իսկ անտառի բնակիչներին և փոքրիկ թատերասերներին շնորհավորելու են գալիս Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Դեկտեմբերի 29-ին Հ. Մալյանի անվան թատրոնում երեխաները կարող են դիտել «Հրաշագործի ճամպրուկը կամ էլֆերը նոր արկածները» ամանորյա ներկայացումը: Գոյ թատրոնում էլ առաջարկում է վայելել «Նիրագոնգայի հրաշքը» ամանորյա ուրախ, երաժշտական, հեքիաթային ներկայացումը: Հունվարի 4,5,6-ին երեխաները կհայտնվեն երազանքների աշխարհում, կհանդիպեն հեքիաթների սիրված հերոսներին և Ձմեռ պապին: Պատրաստեց Անժելա Համբարձումյանը