
503 просмотры
Այս և այլ հարցերի շուրջ խոսել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի բժիշկ-գինեկոլոգ Նելլի Ավագյանը:
Այս հիվանդության դեպքում արգանդի լորձաթաղանթի հյուսվածքը սկսում է աճել արգանդի սահմաններից դուրս։ Էնդոմետրիոզը սովորաբար զարգանում է դաշտանի սկզբից (մենարխե) մի քանի տարի անց։ էնդոմետրիոզի գանգատներն ու ախտանիշները կարող են ժամանակավորապես բարելավվել հղիության ընթացքում և կարող են ամբողջությամբ անհետանալ դաշտանադադարի հետ։
Էնդոմետրիոզը ախտորոշվում է գինեկոլոգիական քննության՝ ներզննման կամ ուլտրաձայնային ախտորոշիչ հետազոտության միջոցով:
Էնդոմետրիոզի ախտանիշներն են քրոնիկ ցավերը որովայնի ստորին հատվածում, ցավ ձվազատման ժամանակ, ցավոտ դաշտան, ցավ սեռական հարաբերության ժամանակ, ցավ աղիների գործունեության կամ միզարձակության ժամանակ դաշտանի ընթացքում, անպտղություն (ֆալոպյան փողերի անանցանելիություն կամ ձվարաններում կիստաների գոյացում), առատ կամ անկանոն դաշտանային ցիկլ։
Էնդոմետրիոզի բուժման եղանակներն են՝ դեղորայքային, ներզննական վիրաբուժական, ներարգանդային պարույրի տեղադրում: Ընտրությունը կատարում է բժիշկը հետևյալ գործոնների հաշվառմամբ՝
- ախտանշանների ծանրություն,
- էնդոմետրիոզի օջախների տեղակայում և չափ,
- երեխա ունենալու ցանկություն,
- տարիք, քանի որ տարիքին զուգընթաց ախտանշանները վատթարանում են:
Հարգելի՛ այցելուներ, ժամանակին դիմեք բժշկին, ստացեք համապատասխան բուժում, քանզի ընթացիկ հետազոտությունները հնարավորություն են տալիս կանխարգելել հիվանդությունները, ապահովել կյանքի առողջ ընթացքը և կնոջ կյանքի որակն ու վերարտադրողական առողջությունը։ Եղե՛ք առողջ: