
205 просмотры
Հայաստանում հանդիպում են 21 տեսակի օձեր, որոնցից թունավոր են իժերի ընտանիքին պատկանող 4 տեսակները` տափաստանային իժը (Vipera ursini renardi), դարևսկու իժը (Vipera darevsky), փոքրասիական իժը (Vipera xanthina), անդրկովկասյան գյուրզան (Vipera lebetina)։ Այդ օձերի թույնն ազդում Է հյուսվածքների վրա, քայքայում Է նրանց բջիջները, խախտում արյան մակարդելիությունը և քայքայում արյան կարմիր բջիջները։ Օձի կծելուց հետո մաշկի վրա մնում է վերին ծնոտի ատամներից հետք, որով կարելի Է որոշել՝ օձը թունավոր է, թե ոչ։ Թունավոր օձի կծած տեղում մարմնի վրա նկատվում են թունավոր ատամներից առաջացած երկու խոր վերքեր և ոչ թունավոր ատամներից մնացած երկու շարք ավելի մանր հետքեր (ա)։ Ոչ թունավոր օձերի կծած տեղում, մարմնի վրա երևում են չորս շարք երկայնական դասավորված կետիկներ (բ): Կծելու ժամանակ թունավոր օձի թույնը ներարկվում Է մարդու մարմին։ Կծած մասում թունավոր ատամների տեղում առաջանում են երկու փոքրիկ բշտիկներ։ Աստիճանաբար ի հայտ են գալիս հետևյալ նշանները. կծած տեղում ցավ և այրոց, կծած տեղի մաշկի գույնի փոփոխություն, կարմրություն, կծած տեղում այտուց, որը հետզհետե տարածվում Է ամբողջ մարմնով, սաստիկ թուլություն, գլխապտույտ, սրտխառնոց, արյունահոսություն բերանից, քթից և հետանցքից, տեսողության խանգարումներ, խոսքի խանգարումներ, վերջույթների մկանների թուլություն կամ զգայունության կորուստ, շնչառության խանգարումներ։ Առաջին օգնությունը Ոչ թունավոր օձերի կծածների դեպքում վերքը մշակեք, ինչպես ցանկացած փոքր վերք։ Թունավոր օձի կծածի դեպքում շատ կարևոր Է ժամանակին ճիշտ առաջին օգնություն ցուցաբերելը։ Հնարավորության դեպքում հիշեք կծող օձի տեսքը: Օձի կծելուց հետո առաջին 5 րոպեի ընթացքում սեղմեք կծած տեղի շուրջը, որպեսզի արյունը դուրս հոսի վերքից (չի կարելի սեղմել վերքի վրա)։ Այս գործողությունը թույլ է տալիս որոշ չափով հեռացնել թույնը։ Սեղմելը դադարեցրեք, երբ վերքից այլևս արյուն դուրս չի գալիս։ Հանգստացրեք տուժածին, քանի որ նյարդային, գրգռված վիճակը խթանում է սրտանոթային համակարգի աշխատանքը, արագացնում արյան շրջանառությունը՝ նպաստելով թույնի տարածմանը մարմնում՝ զգալիորեն բարդացնելով վիճակը։ Հանեք բոլոր զարդերը և ճնշող իրերը (մատանի, ժամացույց և այլն)։ Եթե օձը կծել է վերջույթը, ապա անշարժացրեք այն և պահեք սրտի մակարդակից ցածր։ Սահմանափակեք տուժածի շարժումները (պառկեցրեք կամ նստեցրեք նրան)։ Ահազանգեք կամ կազմակերպեք տուժածի պասիվ (պատգարակով կամ աթոռի վրա նստած) արագ տեղափոխումը մոտակա հիվանդանոց։ Տուժածին խմեցրեք մեծ քանակությամբ հեղուկ (հյութ, թան, թեյ և այլն)։ Խստիվ արգելվում է ոգելից խմիչք տալ տուժածին։ Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն մինչև հիվանդանոց հասցնելը: Աղբյուրը` med-practic.com Պատրաստեց՝ Հ. Մ.