
95 просмотры
Ի՞նչ է գաստրոսկոպիան, ե՞րբ է նշանակվում և ինչպե՞ս է իրականացվում Գաստրոսկոպիան կամ նույն ինքը էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիան աղեստամոքսային տրակտի վերին հարկի կերակրափողի ստամոքսի և 12-մատնյա աղու էնդոսկոպիկ հետազոտումն է: «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Էնդոսկոպիայի ծառայության բժիշկ-էնդոսկոպիստ Մարիետա Նալբանդյանը անդրադարձել է գաստրոսկոպիայի իրականացման ընթացքին, ցուցումներին և ոչ միայն: Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում: Հետազոտությունն իրականացվում է գաստրոսկոպի օգնությամբ, որն իրենից ներկայացնում է բարակ, ճկուն խողովակ, որի ծայրին առկա է լույսի աղբյուր և օբյեկտիվ: Գաստրոսկոպիան հնարավորություն է տալիս ստանալ մանրամասն ինֆորմացիա կերակրափողի, ստամոքսի և 12-մատնյա աղու լորձաթաղանթի մասին՝ հայտնաբերել բորբոքումները, խոցային ախտահարումները, բարորակ և չարորակ նորագոյացությունների առկայությունը և այլ պաթոլոգիաներ։ Ոչ մի այլ դիագնոստիկ մեթոդ (ՈւՁՀ, ռենտգեն քննություն, ՀՇ-քննություն, ՄՌՏ) չի տալիս այդքան ստույգ պատկեր աղեստամոքսային լորձաթաղանթի մասին, որքան ԷԳԴՍ-ն: Ստորև նշված գանգատները հանդիսանում են գաստրոսկոպիայի ցուցումներ՝ դառնահամություն բերանում այրոց վքնածություն ցավեր որովայնի ,հետկրծոսկրային շրջանում սրտխառնոց փսխում ծանրության զգացողություն սնունդը կուլ տալու դժվարություն և այլն։ Եվ բնականաբար բոլոր այն դեպքերում, երբ առկա է բժշկի կողմից ցուցում։ Ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտությանը։ Գաստրոսկոպիային նախապատրաստվելը բավականին հեշտ է։ Պացիենտից պահանջվում է չուտել հետազոտության նախորդ օրը ժամը 20:00-ից սկսված, հեղուկների ընդունումը չի սահմանափակվում, իսկ արդեն հետազոտության օրը պետք է ներկայանալ անոթի (սոված,ծարավ)։ Ծխախոտ ծխելն ու մաստակ ծամելը ևս չի խրախուսվում։ Հետազոտությունը տևում է 5-7 րոպե և անցկացվում է ներերակային անզգայացմամբ, բացառությամբ այն պացիենտների, որոնք ունեն անեսթեզիայի հակացուցումներ։ Հետազոտությունից հետո պացիենտը կարող է վերադառնալ իր բնականոն առօրյային, պարզապես չի կարելի վարել մեքենա առաջիկա 5 ժամվա մեջ և կատարել ուշադրությամբ պայմանավորված գործողություններ։ Կայքի գործընկեր՝ Tempus MED Gynaecology