
137 просмотры
Եղանակային պայմանները մեծ դեր են խաղում մեր կյանքում: Օդի ջերմաստիճանի, խոնավության կամ մթնոլորտային ճնշման փոփոխություններն ազդում են մեր տրամադրության և առողջության վրա: Եղանակի կտրուկ փոփոխությունը թուլացնում է մեր իմունային համակարգը և մեծացնում է հիվանդությունների առաջացման վտանգը: Ե′վ ցուրտ ձմեռը, և′ շոգ ամառը վտանգավոր են սրտային հիվանդություններով տառապող մարդկանց համար: Ձմռանը սրտի կաթվածի վտանգն ավելանում է՝ հատկապես ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ: Ցածր ջերմաստիճանների ազդեցության տակ, մեր արյունը դառնում է ավելի թանձր, ինչը դժվարեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի չափման գործընթացը: Ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները՝ եղանակի հաճախակի փոփոխությունը, որպես կանոն, չի ազդում այն մարդկանց վրա, ովքեր միշտ բարձր տրամադրություն ունեն: Մինչդեռ վատ կամ անկայուն տրամադրություն ունեցող մարդկանց մոտ, նկատվում է բարձր զգայունություն եղանակի չնչին փոփոխությունների նկատմամբ: Բազմաթիվ գիտական ուսումնասիրություններ ցույց են տվել ջերմաստիճանի իջեցման և հոդացավերի ուժեղացման միջև եղած կապը: Սեզոնային գերզգայական խանգարվածությամբ տառապող մարդկանց մոտ ձմեռային եղանակը կարող է առաջացնել լուրջ ընկճվածության վիճակ, որի ախտանիշերը անհետանում են եղանակի փոփոխության հետ միասին: Ճարպային հյուսվածքը, որը պատասխանատու է ճարպերի այրման համար, ակտիվանում է միայն ձմռանը` հաճախ օգնելով ազատվել ավելորդ կիլոգրամներից: Ցածր ջերմաստիճանի ազդեցության տակ մեր արյունատար անոթները նեղանում են, ինչը հանգեցնում է արյան ճնշման բարձրացմանը: Տարբեր բույսերի ծաղկափոշուց առաջացած ալերգիկ հարբուխն ի հայտ է գալիս գարնանը: Սակայն նմանատիպ ախտանշաններ կարող են առաջանալ նաև ջերմաստիճանի կտրուկ փոփոխության և օդի խոնավության պատճառով: Փոփոխվող եղանակային պայմանները շատ հաճախ դառնում են միգրենի առաջացման պատճառ: Ըստ համաճարակաբանական մի շարք հետազոտությունների՝ մահացության մակարդակը զգալիորեն աճում է բարձր և ցածր ջերմաստիճանների ժամանակաշրջանում: Անձրևոտ եղանակի ժամանակ մարդիկ ավելի քիչ են տանից դուրս գալիս և հանդիպում ընկերների հետ: Հասարակական շփումների բացակայությունը, իր հերթին, դեպրեսիայի առաջացման պատճառներից մեկն է: Հետազոտողները պարզել են, որ տաք ձմեռը և զով ամառը մարդկանց ավելի երջանիկ են դարձնում: Քամոտ, սառը եղանակը հանգեցնում է նրան, որ ներշնչվող օդը չի հասցնում տաքանալ: Դա կարող է հանգեցնել շնչառական ուղիների այտուցների և նույնիսկ ասթմայի: Էքստրեմալ եղանակային պայմանները մարդկանց կարող են դարձնել ավելի կարեկից: Ձմռանը ավելի շատ մարդ է օգնում անօթևաններին և օգնություն ցուցաբերում անօթևան կենդանիների համար կառուցվող կացարանների կառուցմանը: Նյութի աղբյուրը՝ Astghik Medical Center