
137 просмотры
Տունը, որտեղ երկար տարիներ ապրել և ստեղծագործել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին, նրա ընտանիքի անդամների նախաձեռնությամբ և «Ագուլեցի» հիմնադրամի աջակցությամբ կդառնա տուն-թանգարան: «Արմենպրես» - ի հաղորդմամբ` տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 6-ին: «Ներկայացվելու է այն ամենը, ինչ ստեղծել և հավաքել է Լուսիկ Ագուլեցին իր ստեղծագործական կյանքի ընթացքում: Ցուցադրվելու են նրա կտավները, Ագուլեցու տարազները, արծաթյա իրերը, ամուսնու` քանդակագործ Յուրի Սամվելյանի աշխատանքները և այլ ցուցանմուշներ»,- մեզ հետ զրույցում պատմեց տուն-թանգարանի արտ-տնօրեն Նարինե Մադունցը: Նրա խոսքով` տուն-թանգարանին կից բացվելու է արտ-սրճարան, որտեղ կներկայացվի հայկական մշակույթի կարևոր մաս կազմող խոհանոցն իր ամբողջ հարստությամբ ու բազմազանությամբ: «Մենք չենք ցանկանում, որ սրճարանը պարզապես սնվելու վայր դառնա. մշակութային մթնոլորտ ենք ստեղծելու, որտեղ կարող են լավ ժամանակ անցկացնել ինչպես երիտասարդները, այնպես էլ միջին և ավագ սերունդների ներկայացուցիչները»,- շեշտեց նա: Մադունցն ընդգծեց, որ տուն-թանգարանի հանդեպ հետաքրքրությունը մշտապես պահելու նպատակով թանգարանում և բակի սրճարանում ժողովրդական համերգներ, նկարչության, պարի և այլ վարպետության դասեր կկազմակերպեն: Միջոցառումները կլինեն բազմազան ու հագեցած: Կանցկացվեն ֆիլմերի ցուցադրություններ, քննարկումներ: Արտ-տնօրենը խոստովանեց, որ մեծ պատասխանատվություն են կրում Ագուլեցու և հայ ժողովրդի առաջ, քանի որ Ագուլեցին բոլոր ցուցանմուշները հավաքել էր, ստեղծել էր մշակութային արժեքներ սերունդներին փոխանցելու համար: «Մենք իրավունք չունենք այդ ամենը չցուցադրել»,-եզրափակեց Մադունցը: Լուսիկ Ագուլեցին ծնվել է 1946 թվականի մայիսի 31-ին Նախիջևանի Ագուլիս քաղաքում: 1953 թվականին ընտանիքով տեղափոխվել է Երևան։ Սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: Ուսումնառության տարիներին արժանացել է «Ավանգարդ» թերթի հատուկ մրցանակին։ Ագուլեցու կտավները գտնվում են Հայաստանի և արտերկրի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում։ Նա կյանքից հեռացել է 2018 թվականի հուլիսի 13-ին: « Նկարչությունն ինձ օգնեց ծավալվելու մշակույթի տարբեր ճյուղերում, տեսնելու, ընկալելու և գնահատելու այն արժեքները, որոնք ստեղծել է մեր ժողովուրդը, ուստի ուսումնասիրում եմ ժողովրդական մշակույթը, հատկապես ազգային տոները, ծեսերը, տարազները»,-ասել է Լուսիկ Ագուլեցին: Ô±Õ¶ÕªÕ¥Õ¬Õ¡ Õ€Õ¡Õ´Õ¢Õ¡Ö€Õ±Õ¸Ö'Õ´ÕµÕ¡Õ¶