115 просмотры
Կլման ակտի խանգարումները կարող են հուշել առողջական մի շարք խանգարումների, այդ թվում նաև խիստ վտանգավոր մի հիվանդության՝ կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի (ԿԱՍ) մասին: Այս մասին գրում է medikforum.ru կայքը՝ հղում անելով ԿԱՍ-ի կանադական միության տվյալներին: Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզը զարգացող նյարդաբանական հիվանդություն է, որն ազդում է մկանների կամային շարժումների վրա: Զարգացման հետ մեկտեղ հիվանդների մոտ կարող են դժվարություններ ի հայտ գալ անգամ հասարակ գործողությունների հետ կապված, ինչն էլ լուրջ ազդեցություն է ունենում մարդկանց կյանքի որակի վրա: Այս հիվանդությունն ազդում է մկանները վերահսկող նյարդային բջիջների վրա, ինչի պատճառով էլ հիվանդներից շատերի մոտ ի հայտ է գալիս կլման ակտի հետ կապված խանգարում, որը հայտնի է դիսֆագիա անվամբ: Ժամանակի ընթացքում խնդիրը սրվում է, ինչն էլ բարձրացնում է շնչահեղձության հավանականությունը: Կլման դժվարացումը կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի այն ախտանշաններից է, որը սովորաբար ի հայտ է գալիս հիվանդության զարգացման վերջին փուլերում, սակայն կա ԿԱՍ-ի մի տեսակ, որի դեպքում այս ախտանշանը բնորոշ է զարգացման վաղ փուլերին: Խոսքը բուլբար ԿԱՍ-ի մասին է, որի դեպքում հիվանդները հաճախ են գանգատվում նման ախտանշանից: ԿԱՍ-ի կանադական միության տվյալներով՝ բուլբար ԿԱՍ-ով հիվանդների 86 տոկոսի մոտ հիվանդության զարգացման վաղ փուլերում ի հայտ են գալիս կլման հետ կապված խնդիրներ: ԿԱՍ-ով հիվանդների շարքում գրեթե նույն թվով մարդ ևս ի վերջո բախվում է կլման հետ կապված խնդիրների՝ չնայած այն բանին, որ այս ախտանշանը սովորաբար ի հայտ է գալիս հիվանդության զարգացման ուշ փուլերում: med.tert.am