
45 просмотры
Հայկական ավանդական ղափաման հայերի, զբոսաշրջիկների շրջանում առավել ճանաչելի դարձնելու, հետաքրքրասերներին ուտեստի պատրաստման գաղտնիքներին ծանոթացնելու նպատակով Երևանում՝ Վերնիսաժում, ղափամային նվիրված տոնական միջոցառում անցկացվեց: «Արմենպրես» - ի հաղորդմամբ՝ միջոցառմանը շուրջ տասներկու կազմակերպություն՝ ռեստորաններ, խոհարարական ընկերություններ, կրթական հաստատություններ իրենց տաղավարներում ցուցադրում էին ազգային ուտեստն ու սիրով այն հյուրասիրում անցորդներին: Ղափամայից բացի ներկայացված էին հալվա, չրեր, տարբեր թխվածքաբլիթներ, որոնք հարստացնում էին ցուցասեղանները: Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Նելլի Ասատրյանն ասաց՝ նախաձեռնությունը Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանինն է: «Միջոցառումը յուրահատուկ է, քանի որ ներկայացնում ենք մեր ազգային մշակույթն ի դեմս հայկական ազգային խոհանոցի, որի զարդը ղափաման է: Մեր նպատակը մեր ազգային խոհանոցը հանրահռչակելն ու սերունդներին փոխանցելն է, ուստի պատահական չէ, որ մասնակցում են խոհարարական ուսումնական հաստատություններ: Ցանկացել ենք նաև զբոսաշրջությունը խթանել և Վերնիսաժում ենք կազմակերպել միջոցառումը»,-նշեց Ասատրյանը: Նա հիշեցրեց՝ կա մի լեգենդ, ըստ որի՝ ղափաման նույնականացվում է երկրագնդի հետ: «Ղափաման Երկիր մոլորակն է, բրինձը՝ բնակչությունը, իսկ ընդեղենը՝ տարբեր կրոնների, ազգությունների ներկայացուցիչներն են: Մեր ուղերձը խաղաղությունն է, որ Երկիր մոլորակի վրա բոլորն ապրեն խաղաղ՝ անկախ կրոնից, ազգությունից, սեռից, համոզմունքից և այլ հանգամանքներից»,-ընդգծեց Նելլի Ասատրյանը: «Հայ ավանդական խոհարարության զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի համոզմամբ՝ նման նախաձեռնությունները ևս մեկ քայլ են մեր ազգային կերակրատեսակներից մի քանիսը հանրահռչակելու համար: «Եթե մենք ճանաչելի չենք դարձնում, չենք լուսաբանում, չենք տարածում մեր ազգային ուտեստները, չենք կարող բողոքել, որ այս կամ այն երկիրը, հարևանը յուրացնում են մեր կերակրատեսակներից որևէ մեկը»,-շեշտեց նա: Մամուլյանի խոսքով՝ տարիների ընթացքում Ղափամայի պատրաստման եղանակները չեն փոխվել, բայց տարբեր մարզերում այն յուրովի է պատրաստվում. ամեն տեղ դդումի միջուկը տարբեր է: «Մի մարզում ձավար, ընդեղեն, չրեղեն են օգտագործում, մեղր, մեկ այլ մարզում՝ բրինձ, մրգեր, մյուս մարզում՝ միայն չիր և այլն, սակայն, եթե որպես աղանդեր են մատուցում, անպայման մեղրով են պատրաստում, կա նաև ոչ աղանդերային տարբերակը: Լեռնային Ղարաբաղում այն պատրաստում են լոբով, ձավարով և գառան մսով՝ որպես հիմնական կերակրատեսակ: Ղափաման հայկական ուտեստ է և իրական անվանումը ամիչ է: Հայկական խոհանոցում բոլոր լցոնած կերակրատեսակները կոչվում են ամիչ»,-պատմեց Սեդրակ Մամուլյանը: «Երևանի համար 8 արհեստագործական պետական ուսումնարան»-ի ուսանողները մի քանի տեսակի ղափամա էին պատրաստել՝ ավանդական, Էրզրումի և էկզոտիկ մրգերով: «Ավանդական ուտեստի մեջ բրինձ է, ընդեղեն, Էրզրումի ղափամայի մեջ նաև տավարի միս կա, և այն անցնում է ջերմային մշակումներ, իսկ մեր կողմից պատրաստված ղափամայի մեջ էկզոտիկ մրգեր են՝ անանաս, գուավա»,-նշեց ուսումնարանի երրորդ կուրսի ուսանող Էրիկ Գասպարյանը: Նա ասաց՝ հաճախ են ղափամա պատրաստում, որի խորհուրդը խաղաղությունն է: Միջոցառումն ուղեկցվեց ազգային երգ ու պարով: Ներկա էին բազմաթիվ զբոսաշրջիկներ, որոնք հայկական ուտեստները համտեսելու առիթը բաց չէին թողնում: Ղափամային նվիրված տոնական միջոցառումը նախաձեռնել էր Երևանի Կենտրոն վարչական շրջանը՝ համագործակցելով Երևանի քաղաքապետարանի հետ: Տոնն առաջին անգամ է նման ձևաչափով անցկացվում: Հետաքրքրվածները շատ են, ուստի չի բացառվում, որ հաջորդ տարի այլն կրկին կազմակերպվի: