
236 просмотры
Շագանակագեղձը տղամարդու վերարտադրողական համակարգի գեղձային օրգան է, որը կարևոր դեր է խաղում միզասեռական համակարգի բնականոն գործունեության պահպանման գործում: Շագանակագեղձի հիվանդությունները տարածված են հատկապես 40 տարեկանից բարձր տղամարդկանց շրջանում։ Հիվանդությունների վաղ հայտնաբերումը կարևորագույն նշակություն ունի ինչպես արդյունավետ բուժման, այնպես էլ` բարդությունների կանխարգելման համար: Որո՞նք են շագանակագեղձի հիմնական հիվանդությունները․ Շագանակագեղձի բարորակ գերաճ (BPH), որը կապված չէ քաղցկեղային փոփոխությունների հետ:
Ախտանիշներն են. հաճախամիզություն` և՛ ցերեկային, և՛ գիշերային ժամերին, դժվարամիզություն, հատկապես միզարձակության սկզբում, մեզի շիթի թուլացում, ընդհատվող միզարձակություն , միզապարկի ոչ լրիվ դատարկվելու զգացում։
Ռիսկի գործոններն են․ ժառանգականությունը, տարիքը, հորմոնալ փոփոխությունները, կենսակերպը։ Շագանակագեղձի բորբոքում (պրոստատիտ), որը կարող է լինել սուր կամ քրոնիկ:
Ախտանիշներն են․ ցավեր որովայնի ստորին հատվածում, ցավոտ միզարձակություն, դող-սարսուռ, մարմնի ջերմության բարձրացում (սուր պրոստատիտի դեպքում)։ Շագանակագեղձի քաղցկեղ, որը զարգանում է շագանակագեղձի հյուսվածքներից: Ախտանիշներն են․ դժվարամիզություն (թույլ արտահայտված վաղ փուլերում), արյան առկայություն մեզի կամ սերմնահեղուկի մեջ, ոսկորային ցավ, ընդհանուր թուլություն (ուշ փուլերում)։ Ռիսկի գործոններն են. 50 տարեկանից բարձր տարիք, ժառանգականություն, ճարպակալում: Ինչպե՞ս կանխարգելել շագանակագեղձի հիվանդություններըԱռողջ ապրելակերպ. կանոնավոր ֆիզիկական ակտիվություն, բանջարեղենով, մրգերով և բջջանյութով հարուստ հավասարակշռված սնունդ: Սահմանափակել ալկոհոլը, չծխել, խուսափել մրսածությունից։ Կանխարգելիչ միջոցառումների իրականացումն առանցքային դեր ունի տղամարդու առողջության պահպանման գործում: ՀՀ ԱՆ խորհրդատու ուռոլոգիայի գծով Արթուր Գրաբսկի