
101 просмотры
Լոգոպեդ Քրիստինե Խառատյանն « Իմ փոքրիկ »-ին պատմել է, թե ինչպես է ընթանում երեխայի խոսքի զարգացումը տարբեր տարիքային փուլերում: ․ 0-1 տարեկան Այս ժամանակահատվածը հուզական շփման և նախախոսքային նախադրյալների ակտիվ ձևավորման շրջանն է, երբ երեխան ջերմ կապի մեջ է մայրիկի հետ: Բալիկը գերադասում է նրա ձայնն այլ ձայներից, իմաստալից ժպտում է, իր պահանջմունքների մասին ազդարարում լացով, ապա նաև այլ ձայներով` գղգղանքի և թոթովանքի զարգացմանը զուգահեռ: Փոքրիկը շրջվում է զանազան բարձր ձայների ուղղությամբ, իսկ 9 ամսականում արդեն հստակ արձագանքում է սեփական անվանը: 11 ամսականում երեխայի արտաբերած վանկերը վեր են ածվում այնպիսի բառերի, ինչպիսիք են՝ մամա, պապա: Այս տարիքում է, որ երեխան իր ցանկություններն արտահայտելիս ոչ միայն քաշում է մեծահասակի ձեռքը, այլև երկար նայում է նրա աչքերի մեջ և մատով ցույց տալիս՝ ինչ է ուզում: ․ 1-2 տարեկան Երեխան հասկանում է իրեն ուղղված պարզ հրահանգներն` առանց ժեստերի զուգորդման: Հաղորդակցվելիս ինքն է սկսում օգտագործել ցտեսություն, տուր և նման այլ բառերին համապատասխան ժեստեր: Այս փուլում երեխան սկսում է կրկնել լսած ձայները, բառերը, իսկ ակտիվ բառապաշարը հետզհետե հարստանում է: 2 տարեկանում այն հասնում է մոտ 30 բառի, իսկ 3 տարեկանում առնվազն 250 բառի: Տվյալ շրջանում խրախուսելի է շփումն ու հաղորդակցումը հասակակիցների հետ: ․ 3-4 տարեկան 3-4 տարեկանում երեխան խոսում է առավել հստակ հնչարտաբերությամբ, ձևավորվում է կապակցված խոսքը, իսկ բառապաշարը հարստանում է հատկանիշ արտահայտող բառերով, կապերով և շաղկապներով: Տվյալ փուլին էլ բնորոշ են սոցիալական փոխհարաբերությունների ձևավորումն ու կոլեկտիվի մեջ ընդգրկումը: Բալիկը սկսում է շատ հարցեր տալ և ինքնուրույն մեկնաբանություններ անել, ուստի նրան հաճախ անվանում են «ինչուիկ»: ․ 5-6 տարեկան Փոքրիկի հնչարտաբերության ձևավորումն ավարտվում է, երեխան արդեն ունի հստակ խոսք, պատմում է պատմություններ, մանրամասն պարզաբանումներ տալիս պատմածի վերաբերյալ: Պատասխանում է տարբեր հարցերի և սկսում հետաքրքրություն դրսևորել նախնական ակադեմիական գիտելիքների նկատմամբ` նախապատրաստվելով դպրոցին: Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան