
99 просмотры
Հայաստանում 2022 թվականի մարտի 15-ից արգելվելու է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը հանրային սննդի բոլոր օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա: « Արմենպրես »-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանն ասաց, որ Ազգային ժողովի կողմից ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի հիմնական դրույթները սկսել են գործել 2020 թվականի մարտի 21-ից: Իսկ որոշ դրույթներ ուժի մեջ են մտնում աստիճանաբար` ժամանակ և հնարավորություն տալով հանրությանը և տնտեսվարողներին դրանց պատրաստվելու: Նա նշեց, որ օրենքի ընդունումից հետո 2021 թվականին վերջին ուժի մեջ են մտել ևս մի քանի դրույթներ, դրանք են՝ հրապարակային ցուցադրման արգելքը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում, բացառությամբ օդանավակայանների անմաքս առևտրի խանութների, դրանց կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրման արգելքը: «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների գովազդը առաջին դրույթներից էր, որ 2020 թվականի մարտի 21-ին մտավ ուժի մեջ: Ծխախոտային արտադրատեսակները հաճախ տեղադրվում են քաղցրավենիքի և երեխաների համար նախատեսված ապրանքների կողքին, երեխաների տեսադաշտի մակարդակին` տպավորություն ստեղծելով, որ ծխախոտային արտադրանքն անվնաս առօրյա առարկա է: Պետք է ասեմ, որ հետազոտությունները ցույց են տվել, որ ծխախոտի ցուցադրության արգելքը նվազեցնում է ծխախոտի գովազդի ազդեցությունը դեռահասների վրա մինչև 83%-ով»,- ասաց նա։ Բացի սննդի կետերից նաև որոշ բաց հանրային տարածքներում նույնպես ծխախոտի օգտագործումը արգելվելու է: Օրինակ, երեխաների համար նախատեսված պուրակներում, կանգառների ծածկերի տակ և ևս մի քանի նմանատիպ վայրերում, որտեղ, որ կան մարդկանց կուտակումներ և երկրորդային ծխի ազդեցություն կարող է լինել: Տուգանքի չափը ծխախոտ օգտագործող քաղաքացու համար հիմնականում կազմում է 50 հազար դրամ, իսկ սննդի կետերի տնօրինության համար՝ 150-200 հազար դրամ: «Ի՞նչ պետք է անի տնօրինությունը, եթե տեսնում է ծխախոտի օգտագործում. նախ պետք է անպայման լինի ծխախոտը արգելող նշան, որը պարտադիր փակցված լինի տեսանելի վայրերում: Նախ անպայման պետք է նախազգուշացնի, որ ծխելն արգելվում է, իսկ դրանից հետո, եթե հաճախորդը չի հետևում կանոններին, պետք է կիրառի օրենքով սահմանված նորմերը: Եթե հաճախորդը չի ենթարկվում դրանց, տնօրինությունն արդեն պետք է դիմի ոստիկանություն, քանի որ վերահսկողությունը իրականացնելու է ոստիկանությունը»,- ասաց Մարիամ Մնացականյանը: Նրա խոսքով՝ տնտեսվարողները դեռ 2020 թվականին օրենքի ընդունումից հետո են իրազեկվել, որպեսզի մինչև դրա ուժի մեջ մտնելը պատրաստ լինեն փոփոխություններին: Մնացականյանը շեշտեց, որ, ելնելով միջազգային փորձից, կարելի է ասել, որ այլ երկրներում այս սահմանափակումները կիրառելուց հետո ոչ միայն չի նվազել այցելությունների քանակը սննդի օգտագործման վայրեր, այլ աճել է. մարդիկ ավելի երկար են կարողանում նստել և սկսել են ավելի հաճախ ընտանիքներով հաճախել: Իսկ այն հարցին թե՞ ինչ են անելու այն օբյեկտները, որոնք նախատեսված են ժամանցը անցկացնելու՝ խմելու, ծխելու, նարգիլե օգտագործելու համար, մասնագետը պատասխանեց, որ ներկայում այլ բան չի նախատեսվում: Ժամանցի վայրերը, ինչպես նաև նարգիլեի մասնագիտացված սրահները նույնպես համարվում են սննդի օգտագործման վայրեր, և օրենքի տրամաբանությունը այնպիսին է, որ ցանկացած փակ հանրային տարածքում ծխախոտային արտադրատեսակները և դրանց փոխարինիչները արգելված են, իսկ մասնագիտացված սրահներում մարդիկ օգտվելուց բացի նաև երկրորդային ծխի ազդեցությանն են ենթարկվում, ինչը էլ ավելի վնասակար է: «Մեր նպատակը միայն այն չէ, որ այս պահին ծխողը դադարեցնի ծխելը, այլ այն է, որ չլինեն նոր ծխողներ, որ մեր նոր սերունդները չդառնան ծխախոտ օգտագործող և այդ վնասները չկրեն իրենց վրա: Այս օրենքի կիրառման նպատակը առողջապահական է, և օրենքի լիարժեք կիրառումը կնպաստի ծխախոտ օգտագործողների թվի նվազմանը: Կնվազի նիկոտինից կախվածություն ունեցողների թիվը և բազմաթիվ հիվանդությունների թիվը, որոնք առաջանում են ծխելու հետևանքով»,- եզրափակեց Մարիամ Մնացականյանը: «Երեմյան Փրոջեքթս» ընկերության՝ «Սիզընս», Ռենոմե , Կազա Նոստրա , Սմոքինգ Շեֆ ռեստորանների տնօրեն Վանիկ Գաբրիելյանը ասաց, որ, բնականաբար, սկզբնական շրջանում ծխախոտի արգելքը ոչ միանշանակ կընդունվի, մանավանդ այն մարդկանց կողմից, ովքեր սովոր են սննդի կետերում օգտագործել ծխախոտ: «Կարծում եմ որոշ ժամանակ հետո մենք ևս կսովորենք այդ փոփոխությանը, քանի որ այն ընդունված պրակտիկա է և միայն մեզ մոտ չէ, այլ աշխարհի շատ երկրներում: Ճիշտ է, ազգային մտածելակերպից ելնելով, մի փոքր կարող է երկար տևել այդ գործընթացը: Փոփոխությունները մի քիչ անախորժություններ և անհարմարություններ կպատճառեն մեզ և հյուրերին, բայց, կարծում եմ, մի քանի ամիս հետո այլևս խնդիր չի լինի, և կսովորենք թելադրված վարքագծին՝ ծխախոտի սպառման հետ կապված»,-ասաց Վանիկ Գաբրիելյանը: Գաբրիելյանը շեշտեց, որ առանց օրենքի փոփոխությունների և նոր կարգի կիրառման էլ չծխողների համար նախատեսված սրահների պահանջարկը գնալով շատացել է, մարդիկ ավելի շատ են նախընտրում նստել չծխողների համար նախատեսված սրահներում: Նա հավելեց, որ իրենք էլ իրենց հերթին կհավաքեն մոխրամանները, կդնեն պաստառներ, որոնք կհուշեն արգելքի մասին: «Արդեն մի քանի տարի է, ինչ մեզ մոտ առանձնացված են ծխողների և չծխողների սրահները: Մինչև վերջերս ավելի շատ չծխողների հատվածի պահանջարկը զբոսաշրջիկների կողմից էր, բայց, ի ուրախություն մեզ, վերջին մեկ-երկու տարվա ընթացքում նաև մեր տեղացի հյուրերի շրջանում է շատացել չծխողների համար նախատեսված հատվածում նստելու ցանկությունը»,-եզրափակեց Վանիկ Գաբրիելյանը: Գայանե Գաբոյան Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի