
55 просмотры
Տեսողական զգայարանը կենսական նշանակություն ունի մարդու համար, սակայն ոչ բոլորն են պատշաճ ուշադրություն դարձնում աչքերի առողջությանը: Ավելին՝ կան տարածված սովորություններ, որոնք աննկատ վնասում են աչքերին ու տեսողությանը՝ աստիճանաբար դառնալով տեսողության վատացման պատճառ: Մասնագետների խոսքով՝ տեսողությանը վնասող ամենալուրջ գործոնը սմարթֆոնների ու տարատեսակ գաջեթների գործածությունն է: Նման դեպքերում աչքերը կենտրոնանում են որոշակի կետի վրա, իսկ վառ ու կոնտրաստային լույսը չորացնում է եղջերաթաղանթը, ինչի հետևանքով աչքերի մկանները դեգրադացվում են: Աչքերի համար վտանգավոր են նաև արագ սնունդը, կիսաֆաբրիկատներն ու քաղցր գազավորված ըմպելիքներ, ուստի նման մթերք օգտագործելու սովորությունից նույնպես խորհուրդ է տրվում հրաժարվել: Բանն այն է, որ դրանք հարուստ է վնասակար ճարպերով ու շաքարով, որոնք բացասաբար են անդրադառնում անոթների, այդ թվում նաև աչքերի անոթների վրա: Երրորդ սովորությունը, որը դասվել է վնասակարների շարքին, պառկած դիրքով կարդալու սովորությունն է: Աչքերի առողջության պահպանման համար հարկավոր է կարդալիս նստել սեղանի մոտ, մեջքն ուղղել ու գիրքը պահել աչքերից 40 սմ հեռավորության վրա: Ընդ որում, հարկավոր է հիշել նաև լուսավորության կարևորության մասին: Ցանկի չորրորդ հորիզոնականում է հայտնվել աչքերն ուլտրամանուշակագույն ճառագայթներից չպաշտպանելու սովորությունը: Մասնագետները հորդորում են միշտ կրել արևապաշտպան ակնոց և չմոռանալ պաշտպանել աչքերը սոլյարի այցելելիս: Եզրափակում է ցանկը ծխելու սովորությունը, որն առհասարակ շատ վտանգավոր է ամբողջ օրգանիզմի համար: Ծխախոտի գործածությունը կարող է դառնալ աչքերի տարբեր հիվանդությունների պատճառ: Ծուխը չորացնում ու գրգռում է եղջերաթաղանթը, ինչպես նաև խանգարում է արյան շրջանառությունը, ինչը շատ կարևոր է աչքերի առողջության համար: Նյութի աղբյուրը՝ med.tert.am