
57 просмотры
Առողջապահության նախարարի հրամանով՝ հոկտեմբերի 1-ից պետական և մասնավոր բոլոր հիմնարկների աշխատակիցները պետք է պատվաստվեն կորոնավիրուսային հիվանդության դեմ կամ ամսական 2 անգամ՝ 14 օրը մեկ, ՊՇՌ թեստ հանձնեն և ներկայացնեն բացասական պատասխանը հավաստող փաստաթուղթը։ «Արմենպրես» - ի հետ զրույցում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը նշեց, որ իրենք ստուգայցեր են իրականացնելու բոլոր կառույցներ։ «Մեր աշխատակիցները ստուգայցեր են իրականացնելու և՛ պետական, և՛ մասնավոր կառույցներ, ստուգելու ենք գրանցամատյանների առկայությունը, արված գրանցումները և ներկայացված բոլոր փաստաթղթերը, որոնք կհավաստեն աշխատակիցների պատվաստված կամ ՊՇՌ թեստ հանձնած լինելու մասին։ Նախօրոք մենք գնալու ենք այն կառույցներ, որոնց վերաբերյալ ՀՎԿԱԿ-ից ստացել ենք 3 և ավելի կորոնավիրուսով հիվանդ աշխատակցի մասին տեղեկություն։ Առաջնային այցերը լինելու են նաև ավելի ռիսկային տնտեսավարողների մոտ՝ ուսումնական հաստատություններ, առևտրի կենտրոններ և այլն»,- նշեց Հարությունյանը։ Նրա խոսքով՝ ստուգայցերի ժամանակ խախտումների արձանագրման դեպքում կիրառվելու են նաև պատժամիջոցներ և տրվելու են կարգադրագրեր՝ տվյալ խախտումները վերացնելու նպատակով։ Հարությունյանը շեշտեց, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համաձայն պատժամիջոցները կիրառվելու են 42-րդ հոդվածով ( ս անիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները և նորմաները, հիգիենիկ նորմատիվները խախտելը) , որոշ դեպքերում՝ նաև 182․4 հոդվածով (կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտում)։ Խոսելով այն մտավախությունների մասին, որ տնտեսավարողը կարող է գրանցամատյանում կեղծ տեղեկություն ներկայացնել, ԱԱՏՄ-ն պարտադիր ստուգելու է նաև սերտիֆիկատները՝ պատվաստման կամ ՊՇՌ թեստը հավաստող։ «Բնականաբար, ներկայացված սերտիֆիկատների և գրանցումների թիվը պետք է համապատասխանի։ Մենք ստուգում ենք, թե ով և ինչքան սերտիֆիկատ է ներկայացրել, գրանցամատյանում նայում ենք համապատասխանությունը»,- նշեց Հարությունյանը։ Առողջապահության նախարարի հրամանով հոկտեմբերի 1-ից բոլոր տնտես ա վարողների աշխատակիցները 14 օրը մեկ պարտադիր ՊՇՌ թեստ պետք է հանձնեն կամ պատվաստվեն։