
69 просмотры
Տուբերկուլոզը (պալարախտ, թոքախտ) իրենից ներկայացնում է քրոնիկ վարակիչ հիվանդություն: Առավել հաճախ հիվանդանում են դեռահասները և ծերերը, քանզի նրանց օրգանիզմում վարակի հանդեպ դիմադրողականությունը ցածր է: Տուբերկուլոզի հիմնական ախտանշաններն են՝ քրոնիկ հազը (արյան հետքերով), կրծքավանդակի հատվածում հաճախակի ցավեր, շնչահեղձություններ, ջերմություն, ուժեղ քրտնարտադրություն՝ հատկապես գիշերները և մարմնի քաշի նվազում։ Տարբերում են հիվանդության ինչպես բաց, այնպես էլ փակ ձևեր: Ի տարբերություն հիվանդության փակ ձևի, բաց ձևի ժամանակ հիվանդի խորխում հայտնաբերվում են միկոբակտերիաներ: Ըստ վիճակագրական տվյալների` այն երկրագնդում ամենատարածված հիվանդություններից է: Տուբերկուլոզի սոցիալական կանխարգելումը միջոցառումների համալիր է, որի նպատակը բնակչության առողջության բարելավումն է: Այն ներառում է ինչպես կյանքի նյութական պայմանների և կենցաղավարման մակարդակի բարելավումը, այնպես էլ սանիտարական գիտելիքների տրամադրումը: « Դրական մարդկանց հայկական ցանց » ՀԿ -ի նախաձեռնությամբ կազմակերպվեց քննարկում՝ նվիրված ՀՀ-ում տուբերկուլոզի առկա իրավիճակի և ոլորտային խնդիրների վերաբերյալ։ Քննարկմանը ներկա էր նաև ՏԲ վերապրած անձ , ով փաստեց, որ ՏԲ կարելի է բուժել։ Մասնագետները նույնպես փաստում են, որ այս հիվանդությունը ամենևին էլ խարան չէ, և այն կարելի է բուժել, եթե ժամանակին ճիշտ ախտորոշվի: aroxjblog.am հարցերին պատասխանեց « Դրական մարդկանց հայկական ցանց » հկ -ի նախագահ Անահիտ Հարությունյանը` - Տիկի՛ն Հարությունյան , ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկվեն , որպեսզի տնային պայմաններում բուժվող հիվանդները չվարակեն ընտանիքի անդամներին : -ՏԲ-ով հիվանդը, երբ արդեն իսկ դուրս է գրվում հիվանդանոցից և անցնում է ամբուլատոր բուժման (ամենօրյա դեղերի ընդունումը իրականացնում է տարածքային պոլիկլինիկա այցով) չի կարող վտանգել իր շրջապատի առողջությանը։ Նա բացիլակիր չէ և ըստ այդմ վարակի աղբյուր հանդիսանալ չի կարող։ Խորհուրդ է տրվում մի քանի անգամ օդափոխել բնակարանը կամ տունը, ինչպես նաև լավ սնվել: - Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել , որպեսզի հիվանդները չխուսափեն բուժումից և չհամարեն իրենց պոպուլացիայի կոմից մերժված : -Ճանապարհը իրազեկումն է, անցյալ դարից եկած վախերի վերանայումը, հիվանդների կողքին լինելը և աջակցելը, որպեսզի նրանք բուժումը հասցնեն ավարտին։ Անհրաժեշտ է շատ խոսել մարդկանց մասին, ովքեր արդեն իսկ հաղթահարել են, ինչն էլ կբերի տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը: Տուբերկուլոզի բուժման քաղաքականությունը վերանայվել է 2015 թ . ՝ փորձարկելով , ապա ներդնելով նոր , պակաս կողմնակի ազդեցություն ունեցող և առավել արդյունավետ տուբերկուլոզի դեղեր : Ինչքանո՞վ են արդյունավետ այդ դեղամիջոցները : Բուժման ուղեցույցները թարմացվում են՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկների: Ներկայումս Հայաստանը միջազգային դոնորների շնորհիվ ապահովում է տուբերկուլոզի արդյունավետ հակազդումը՝ այդ թվում դեղակայուն տուբերկուլոզի: Ի՞նչ դժվարությունների են հանդիպում տուբերկուլոզով հիվանդ մարդիկ բուժման ընթացքում , ստանում են արդյո՞ք սոցիալական օգնություն որպես պացիենտ , որքա՞ն ժամանակ է տևում բուժումը այս և այլ հարցերին պատասխանում է տուբերկուլոզ վերապրած մարդը։ - Ստանում էիք արդյո՞ք սոցիալական օգնություն որպես պացիենտ և արդյո՞ք այն բավարար էր Ձեզ : -Նախկինում ստացել եմ սնունդ, այնուհետև օգտվել եմ քարտային համակարգից՝ յուրաքանչյուր ամիս 16000 դրամ։ Իհարկե, չի բավարարում։ Հարմար է կիրառել քարտերը, սակայն պետք է նշեմ, որ դեղորայքի ընդունման պարտաճանաչության պահպանման դեպքում միայն կարող ես օգտվել քարտային համակարգի գումարից։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ սոցիալական նպաստի չափը միայն խրախուսական չպետք է լինի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բուժման ընթացքում դեղերի ազդեցության տակ թույլ ես լինում և կարելի է ասել անաշխատունակ, գոնե նվազագույն չափով հնարավորություն լինի հոգալ ընտանիքի կարիքները: - Ձեր դեպքում որքա՞ն ժամանակ է տևել բուժումը ու ինչպե՞ս եք զգացել այդ հատուկ դեղորայքից : Բուժումս տևել է երկու տարի, սակայն, եթե ժամանակին հետևեի առողջությանս և կարող էր և ավելի կարճ լիներ բուժման կուրսը՝ կապված տուբերկուլոզի ձևից: Բուժման ընթացքում ինձ մոտ դեղերից առաջացան կողմնակի ազդեցություններ՝ մաշկի գույնի փոփոխություն, երիկամների և լյարդի խնդիրներ, սրտխառնոց, գլխապտույտ, թմրածություն, անքնություն: Այդ ամենը կարող է պատճառ հանդիսանալ, որպեսզի դադարեցնես դեղերի ընդունումը: Ուզում եմ նաև այստեղ շեշտել, որ տուբերկուլոզի բուժմանը զուգահեռ կատարվում են նաև կողմնակի ազդեցությունների բուժում: Այժմ հաղթահարել եմ բուժման հետ կապված խնդիրները, իհարկե ընթացքում թուլություն կար, բայց ամեն ինչ հաղթահարելի է։ - Բուժման ընթացքում ի՞նչ դժվարությունների եք հանդիպում , որոնք երբեմն անլուծելի են թվում։ -Ինձ թվում էր այդքան ուժ չեմ գտնի, որ հաղթահարեմ բուժման ընթացքը։ Ամեն օր ընդունել մեծ քանակությամբ դեղորայք, ունենալ վատ զգացողություն։ Ունեի նաև վախեր, որ ընտանիքիս անդամներին կվարակեմ և իմ պատճառով նրանք կխարանվեն։ -Եվ վերջում, որպես տուբերկուլոզ վերապրած անձ , ի՞նչ խորհուրդ կտաք այն անձանց , որոնց մոտ նոր - նոր է հայտնաբերվել այդ հիվանդությունը , ինչպե՞ս պայքարել հիվանդության դեմ : -Չհանձնվեք։ Դժվար ընթացք է սկսվելու, բայց հավատն ու հետևողականությունն անպակաս պետք է լինեն Ձեզանից։