
97 просмотры
Շատերը ցանկացած մաշկային փոփոխություն վերագրում են ալերգիային, բայց դրանք միշտ չէ, որ ալերգիայի դրսևորում են, շատ ավելի հաճախ կարող են ինֆեկցիաների հետևանք լինել: Իսկ ալերգիան օրգանիզմի սխալ պատասխանն է արտաքին ազդակներին, որոնց դեմ մեր օրգանիզմը փորձում է պայքարել այդ ձևով և վնասում է սեփական հյուսվածքները: «Արմենպրես» -ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյան ի հետ զրույցում անդրադարձել ենք ալերգիայի դրսևորումներին, առաջարկվող լուծումներին և մի քանի կարևոր հարցերի: Այն հարցին, թե ալերգիան բացի մեզ բոլորիս հայտնի քորից, մաշկի կարմրությունից և բշտիկների առաջացումից, ուրիշ ի՞նչ ձևով է դրսևորվում, մասնագետը պատասխանեց, որ ալերգիան դրսևորվելու շատ տարբեր ձևեր ունի. բացի նշված տարբերակներից՝ սննդային ալերգիաների դեպքում հաճախ եղնջացան է լինում: «Այն մաշկից բարձրացող և 24 ժամվա ընթացքում իր տեղակայումը փոխող ցան է, որը որոշակի սննդատեսակներ օգտագործելուց հետո, եթե մարդը ունի ալերգիա, կարող է հայտնվել մարմնի տարբեր հատվածներում: Իսկ եթե խոսենք այլ դրսևորումների մասին, որոնք բնորոշ են գարնանային ամիսներին, դրանք ալերգիկ հարբուխներն են: Սրանք դրսևորվում են քթի փակվածությամբ, աչքերի և քթի քորով, փռշտոցներով: Որոշ դեպքերում էլ, երբ ախտահարվում են նաև ստորին շնչուղիները, կարող են լինել հազ, դժվարաշնչություն, որոնք արդեն ասթմայի նշաններ են, և սրանք կարծես կարմիր լույս լինեն, որ մարդը պետք է դիմի բժշկի»,- ասաց մասնագետը: «Շատերը մտածում են, որ ծայրահեղ մաքրասեր լինելը՝ ձեռքերը չափազանց հաճախ լվանալը, ախտահանելը, տանից դուրս չգալը կփրկեն ալերգիաներից, բայց այդպես չէ: Չափից շատ մաքուր, ինչպես նաև ծայրաստիճան կեղտոտ միջավայրը շատ բարենպաստ պայմաններ է ստեղծում ալերգիաների համար, այդ իսկ պատճառով մենք պետք է գտնենք այն միջինը, որը հնարավորություն կտա հանգիստ շփվել բնության հետ, առողջ կենսակերպ վարել, բայց միևնույն ժամանակ պահպանել նորմալ հիգիենա և խուսափել ալերգիկ դրսևորումներից»,- ասաց Աստղիկ Բաղդասարյանը: Ինչու՞ են ալերգիաները գլուխ բարձրացնում գարնանը, ինչպե՞ս կանխել դրանք և մեղմել իրավիճակը: Արդյոք հնարավո՞ր է պայքարել ալերգիայի դեմ, առանց դեղորայքի: Ինչպե՞ս խուսափել ալերգիկ երևույթներ առաջացնող փոշուց և ո՞ր պահից սկսած պետք է մարդը հասկանա, որ անհրաժեշտ է դիմել բժշկի: Այս ամենի մասին առաջարկում ենք տեղեկանալ՝ լսելով պոդքաստը: Շարքի հեղինակ՝ Գայանե Գաբոյան Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի