
59 просмотры
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում առողջապահության նախարարության և հայաստանյան շուրջ 4 տասնյակ բժշկական հաստատությունների միջև այսօր կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որով լուրջ նպատակ է դրվում բարելավել ոչ վարակիչ հիվանդությունների սքրինինգային հետազոտությունների որակը, մասնավորապես արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերման, ախտորոշման ու բուժման մասով: Հուշագրի կողմ են հանդիսանում այն բժշկական հաստատությունները, որոնք իրականացնում են բջջաբանական հետազոտություններ: Ողջունելով ու կարևորելով նախաձեռնությունը` առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը շեշտել է, որ հիվանդությունների վաղ կանխարգելումն ու սքրինինգային նոր ծրագրերի ներդրումն առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից է ու այժմ հատուկ ուշադրության է առնվում: Ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված եռամյա սքրինինգային ծրագիրը մեկնարկել է 2015թ.` Համաշխարհային բանկի «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում: Դրա շրջանակներում 35-ից 68 տարեկան ռիսկային խմբերի բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն բոլոր տեղամասային պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում անվճար հետազոտվել զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի, իսկ 30-ից 60 տարեկան բոլոր կանայք` ՊԱՊ թեստի միջոցով արգանդի վզիկի նախաքաղցկեղի վաղ ախտորոշման և քաղցկեղի կանխարգելման նպատակով: 2015-2017 թվականներին սքրինինգային ծրագրով ՊԱՊ թեստի հետազոտություն անցել է շուրջ 170 հազար կին։ Իսկ այս տարի՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ, 32 հազար։ Հետազոտված կանանց ավելի քան 6%-ի մոտ արձանագրվել են տարբեր աստիճանի բջջաբանական շեղումներ, այդ թվում՝ ինվազիվ կարցինոմա՝ 0.5%-ի կամ 50-60 կնոջ մոտ։ Շուրջ 4 տասնյակ բուժհաստատությունների հետ այժմ կնքվող հուշագիրը հիմք կլինի, որ տարեկան միջինում 50-60 կնոջ ստույգ հետազոտություն ու անվճար վիրահատություն արվի՝ խուսափելով անդառնալի բարդություններից։ 2018-ի հունվարից մեկնարկել է սքրինինգային ծրագրի երկրորդ եռամյա փուլը, որն ուղեկցվելու է այս նոր հնարավորությամբ: Կնքվող հուշագիրն այս սքրինինգային ծրագրին նոր որակ ու արդյունավետություն կհաղորդի, քանի որ բոլոր այն դեպքերում, երբ սքրինինգային հետազոտություններն ախտաբանական արդյունք կտան, դրանց մասով կիրականացվեն ՊԱՊ քսուկների կրկնակի անվճար հետազոտություններ ՝ ուղղված որակի ապահովմանը: Ախտաբանական արդյունքների կրկնակի հաստատման դեպքում արդեն պացիենտներին խորհրդատվության տրամադրումը, վարումը, ինչպես նաև ճշգտրված քաղցկեղ In situ ախտորոշման հաստատման դեպքում բոլոր հիվանդների բուժական միջամտությունները կիրականացվեն անվճար հիմունքներով: «Հուսով եմ, որ այս համագործակցության շրջանակներում կբարելավվի ինչպես սքրինինգային հետազոտությունների արդյունավետությունը և որակը, այնպես էլ կբարձրանա բնակչության իրազեկվածությունը արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման պատճառների, ռիսկի գործոնների և կանխարգելման վերաբերյալ: Մեծ ակնկալիք ունենք, որ բնակչության ընդգրկվածությունը սքրինինգային ծրագրում կաճի, ինչը հիվանդությունների բարդությունները կանխելու ամենակարճ և ճիշտ ուղին է: Իսկ դրանց արդյունքների ճշգրտումն ամենաուղիղ կերպով նշանակում է առավել արդյունավետ և ժամանակին նշանակված բուժում: Իմ նշած անչափ կարևոր ծառայությունների շրջանակի անվճար մատուցումը մեծաթիվ կանանց համար նաև նախապայման է` դիմելու բժշկի ու ֆինանսական խնդիրների պատճառով չհետաձգի անհետաձգելի բուժումը, որը, ցավոք, երբեմն կարող է կյանքեր արժենալ»,-շեշտել է Արսեն Թորոսյանը` շնորհակալություն հայտնելով նախաձեռնության հեղինակներին և կարևոր այս նպատակի իրականացմանը մաղթելով արդյունավետ ընթացք: