
59 просмотры
Ռուսաստանի Դաշնության «Ճանապարհային անվտանգության» հարցերով ազգային համակարգող, «Road safety Russia» (Ճանապարհատրանսպորտային անվտանգություն. Ռուսաստան) ՀԿ նախագահ Նատալիա Ագրեի հետ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը քննարկել է ճանապարհային անվտանգությանը վերաբերող հարցեր։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 2011-2020 թվականները հայտարարված է «Ճանապարհային անվտանգության ապահովման» գործողությունների տասնամյակ, որի նպատակն է ամբողջ աշխարհում զսպել ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) աճը և նվազեցնել դրանցով պայմանավորված մահացության ցուցանիշները։ Խնդրի լուծման արդյունավետ միջոց է դիտարկվում ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում ՃՏՊ-ների կանխման միջոցառումների ակտիվացումը: Այս համատեքստում Նատալիա Ագրեն ներկայացրել է Ռուսաստանի Դաշնությունում «Road safety Russia» ՀԿ կողմից երեխաների համար տրանսպորտային միջոցներում նախատեսվող նստարանների և դրանց հավելյալ բարձիկների օգտագործման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունները և հանրային իրազեկման աշխատանքները: Լևոն Ալթունյանն այս քայլերը կարևորել է որպես ճանապարհատրանսպորտային պատահարների հատևանքով երեխաների մահացության և հաշմանդամության նվազեցման գործիք։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ճանապարհային անվտանգության ապահովման մյուս կարևոր բաղադրիչների` արագության սահմանափակման, ամրագոտիները կապելու, ինչպես նաև ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը, վարելու ընթացքում ծխելը և բջջային հեռախոս օգտագործելն արգելելու ուղղությամբ ՌԴ-ում իրականացված օրենսդրական խստացումները և հանրային իրազեկման միջոցառումները: Լևոն Ալթունյանը նշել է որ, ՀՀ առողջապահության նախարարությունը, կարևորելով ՃՏՊ-ներով պայմանավորված մանկական մահացության թեկուզ ամենափոքր նվազեցումը, այս ուղղությամբ կհամագործակցի ինչպես Ռուսաստանի Դաշնության կառույցների և փորձագետների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության շահագրգիռ գերատեսչությունների հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը և ՀՀ առողջապահության նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական Ալեքսանդրա Գալիցկայան։