
55 просмотры
Քաղցկեղի հետազոտման միջազգային գործակալությունը (IARC), որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) բաղադրիչ կառույցներից մեկն է, մշակել է 12 հիմնական խորհուրդ, որոնց հետևելով կարելի է նվազեցնել քաղցկեղով հիվանդանալու ռիսկը: Ցանկը կոչվում է «European Code Against Cancer, 12 ways to reduce your cancer risk» : 1. Մի՛ ծխեք: Զերծ մնացեք ծխախոտ օգտագործելու բոլոր տարբերակներից: 2. Զերծ պահե՛ք Ձեր տունը ծխախոտի ծխից: Փորձեք հետևել սրան նաև աշխատավայրում: 3. Միջոցներ ձեռնարկեք Ձեր մարմնի քաշը նորմայի սահմաններում պահպանելու համար: 4. Վարե՛ք ֆիզիկական ակտիվ կենսակերպ, խուսափե՛ք նստակյաց կյանք վարելուց: 5. Սնվեք առողջ. • օգտագործեք ձավարեղեն, լոբազգիներ, միրգ և բանջարեղեն; • սահմանափակեք բարձր կալորիականությամբ սննդի օգտագործումը (շաքարով և ճարպերով հարուստ սննդամթերք), խուսափե՛ք քաղցր ըմպելիքներից; • խուսափեք մշակված մսամթերքից (երշիկ, նրբերշիկ, բեկոն, ապուխտ), սահմանափակեք կարմիր մսի, մեծ քանակությամբ աղ պարունակող սննդի օգտագործումը: 6. Մի՛ չարաշահեք ալկոհոլի օգտագործումը: Ալկոհոլից ընդհանրապես հրաժարվելը շատ ավելի ցանկալի է: 7. Խուսափե՛ք արևի տակ երկար մնալուց (հատկապես երեխաները): Օգտագործե՛ք արևից պաշտպանող միջոցներ: Մի՛ օգտվեք շեզլոնգներից (պառկելաթոռ): 8. Աշխատավայրում հնարավորինս պաշտպանեք Ձեզ թունավոր՝ քաղցկեղածին նյութերից՝ հետևելով անվտանգության համապատասխան կանոններին (որոշ մասնագիտությունների բնագավառում աշխատողների մոտ կարող է առաջանալ քաղցկեղ այս կամ այն քիմիական նյութի հետ երկարատև շփման արդյունքում): 9. Պարզե՛ք՝ առկա՞ է արդյոք Ձեր տանը ռադոն գազի բարձր խտություն: Ձեռնարկե՛ք միջոցառումներ դրա նվազեցման համար: 10. Կանանց համար՝ • կրծքով կերակրելը նվազեցնում է մոր՝ քաղցկեղով հիվանդանալու ռիսկը; • հորմոն փոխարինող թերապիան բարձրացնում է քաղցկեղի որոշ տեսակների առաջացման ռիսկը: Սահմանափակե՛ք հորմոն փոխարինող թերապիան: 11. Համոզվեք, որ Ձեր երեխաները մասնակցում են վակցինացման (պատվաստման) ծրագրերին՝ • հեպատիտ B (նորածինների համար); • մարդու պապիլոմա վիրուս (աղջիկների համար): 12. Մասնակցե՛ք քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգ (պրոֆիլակտիկ հետազոտություններ) ծրագրերին՝ • հաստ աղիքի քաղցկեղ (տղամարդկանց և կանանց համար); • կրծքագեղձի քաղցկեղ (կանանց համար); • արգանդի վզիկի քաղցկեղ (կանանց համար): Հետևե՛ք Ձեր առողջությանը և եղե՛ք իրազեկ՝ դիտելով Կրծքագեղձի քաղցկեղի արտասովոր նշաններ տեսահոլովակը։ Նյութը՝ breast.am