
398 просмотры
Շնչական անբավարարությունը երեխաների շրջանում։ Իրավիճակը, որի դեպքում երեխան ստանում է օրգանիզմի պահանջներին անբավարար թթվածին, կոչվում է շնչական անբավարարություն։ Այն կյանքին վտանգ սպառնացող իրավիճակ է, որի դեպքում անհրաժեշտ է անհետաձգելի բուժօգնություն։
Ինչպե՞ս ճանաչել շնչառական անբավարարության նշանները
Հաճախաշնչություն- մեկ րոպեում կատարված շնչական շարժումների հաճախացումը կարող է խոսել այն մասին, որ երեխան ունի դժվարաշնչություն։ Հաճախասրտություն- Թթվածնի ցածր մակարդակը կարող է առաջացնել անոթազարկի հաճախացում։ Մաշկի և լորձաթաղանթների գույնի փոփոխություն- բերանի շուրջ, շրթունքների ներքին մակերեսի և եղունգների կապտավուն գունավորումը, կարող է խոսել թթվածնի ցածր մակարդակի մասին։ Արտահայտված թթվածնաքաղցի դեպքում մաշկը կարող է լինել գունատ կամ ստանալ մոխրագույն երանգավորում։
Ռնգախաղ- Քթի թևերի մասնակցությունը շնչառությանը խոսում է դժվարաշնչության և հավելյալ ջանքերով շնչառության մասին։ Ներքաշումներ- շնչառական շարժումների ժամանակ՝ ներշնչման փուլում, փոսությունների ի հայտ գալը անմիջապես պարանոցի, կրծոսկրի, կողոսկերի տակ և միջև։ Սա մեխանիզմ է, երբ շնչառությանը մասնակցում են օժանդակ շնչական մկանները, որով ներշնչման ժամանակ ավելի մեծ քանակի օդ է մտնում թոքեր։
Ուժեղացած քրտնարտադրություն- Ճակատին քրտինքի առկայություն, որը չի ուղեկցվում շոշափելիս մաշկի տաքությամբ։ Խոսում է հավելյալ ջանքերով շնչառության մասին։ Սուլող խզզոցներ- շնչական շարժումների ժամանակ հեռվից լսելի սուլոցի առկայությունը, խոսում է դժվարացած արտաշնչման մասին։
Ստրիդոր- կոպիտ շնչական աղմուկ ներշնչման ժամանակ, որը խոսում է վերին շնչուղիների նեղացման/այտուցի մասին։
Ակտիվության և զգոնության նվազում- թթվածնի ցածր մակարդակի դեպքում կարող է դիտվել քնկոտություն և թուլություն, ինչը խոսում է շնչական մկանների հոգնածության մասին։ Շնչական անբավարարության նշանները կարող են դիտվել նաև այլ վիճակների դեպքում։ Թվարկված նշանների առկայության դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել հիվանդանոց։
Մի շարք հիվանդություններ, որոնք առաջացնում են շնչական անբավարարություն, կանխարգելի են։
Խորհրդակցե՛ք Ձեր մանկաբույժի հետ, վստահ լինելու համար, որ երեխան ժամանակին ստացել է համապատասխան վարակների դեմ պատվաստումները։
Դրանց թվին են դասվում գրիպի, կապույտ հազի, պնևմոկոկի, կորոնավիրուսի և կարմրուկի դեմ պատվաստումները։
Խուսափե՛ք հատկապես նորածին և մինչև 1 տարեկան երեխաներին մարդաշատ վայրեր տանելուց, քանի որ հաճախ այս տարիքային շրջանում շնչական վարակներն առավել հաճախ են առաջացնում շնչական անբավարարություն։
Հեղինակ՝ Ինֆեկցիոն վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բժիշկ-ռեանիմատոլոգ Արևիկ Չալյան